TheTravel-ը ճամփորդասերներին առաջարկում է այցելել «Զորաց քարեր»

14:32, 11 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճամփորդական TheTravel կայքն ընթերցողներին առաջարկել է ճանապարհորդության հետաքրքրիր ուղղություններ. կայքն առանձնացրել է 20 տեսարժան վայրեր ամբողջ աշխարհից, որոնք, ըստ կայքի, ավելի հին են, քան Սթոունհենջը: Հոդվածագրի աչքից չի վրիպել նաև Հայաստանի «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածագիրը նկատել է՝ շատ հին քարերը բավականին տարածված են, բայց Զորաց քարերի ատամնավոր եզրերը այն դարձնում են շատ ավելի իսկական: Հայաստանի շքեղ ամառային տեսարանը նման վայրերը դարձնում է էլ ավելի գրավիչ՝ ճամփորդությունը պլանավորելիս:

«Բնօրրան» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, որոնք երկար տարիներ իրարամերժ կարծիքներ են ունեցել Քարահունջ պատմամշակութային արգելոցի վերաբերյալ, համաձայնագիր են ստորագրել` որոշելով համատեղել ուժերը և պարզել Քարահունջն իրականում աստղադիտարա՞ն է, թե՞ հնավայր, բնակավայր, որն ունի դամբարանի կարգավիճակ:

Քարահունջը (Զորաց քարեր, Քարենիշ), նախապատմական մեգալիթյան կառույց է: Այն «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք է: Մի շարք գիտնականներ և հետազոտողներ պնդում են, որ մեգալիթյան կառույցը աստղադիտարան է: Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանաշերտ է:

 Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am