ԱՄՆ-ն ավելացնում է ռազմական ներկայացվածությունը Մերձավոր Արևելքում

12:16, 5 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի անձնակազմի 4 հազար զինծառայողի տեղակայումը Քուվեյթում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ նշելով, որ այդ ստորաբաժանումն ուղարկվում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայացվածությունն ավելացնելու համար՝ Իրաքում  Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետևանքով լարվածության աճի պայմաններում։

Գործակալությունը հղում է կատարել ԱՄՆ զինված ուժերի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Բերնսին։ Նրա տվյալներով այս շաբաթվա ընթացքում 700 զինծառայող արդեն ուղարկվել է Քուվեյթ, ևս 3500 զինծառայող սպասում է իր հերթին։

Գործակալությունն ընդգծում է, որ Մերձավոր Արևելքում ռազմական ներկայացվածության համալրումը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը զգուշանում է Սուլեյմանիի սպանության համար Ւրանի հնարավոր վրեժխնդրությունից։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am