Արդարադատության նախարարն արձանագրում է նոտարական համակարգի առողջացումը

18:41, 27 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արդարադատության նախարարությունը նոտարական պալատի հետ համատեղ աշխատանքով կկարողանա լուծել համակարգում առկա խնդիրները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ`դեկտեմբերի 27-ին ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա նշեց, որ հանդիպել է նոտարական պալատի նորընտիր նախագահ Լիլիթ Մուրադյանի հետ, ով բոլոր նոտարների անունից շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ նախարարը չի խառնվել ընտրություններին:

« Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի քանի նոտարների կողմից ինձ կրկին շնորհակալական խոսք հնչեց, որ  չեմ խառնվել նոտարական պալատի նախագահի ընտրություններին:  Ինձ մոտ հարց առաջացավ , թե ինչու պետք է խառնվեի նոտարական պալատի նախագահի ընտրությանը, եթե դա նոտարների գործառույթն է:  Այս առումով, եթե այդպես է ընկալումը, որ սա բացառիկ դեպք է` նախարարը չի խառնվում նոտարական պալատի նախագահի ընտրություններին, կարծում եմ, առողջանում է այդ համակարգը, և հենց իրենք իրենց կամքով ընտրել են նորատական պալատի նախագահին, ուստի կարող ենք մեր համատեղ աշխատանքով լուծել համակարգում առկա խնդիրները»,- եզրափակեց Բադասյանը:

Դեկտեմբերի 21-ին տեղի էին ունեցել Նոտարական պալատում պալատի նախագահի և ղեկավար մարմնի ընտրությունները: Ընտրությունների արդյունքում  նոտարական պալատի նախագահ է ընտրվել Լիլիթ Մուրադյանը:

 


© 2009 ARMENPRESS.am