Սու-30 ՍՄ-ները իսկական նվեր են ՀՀ պաշտպանության նախարարի ծննդյան օրվա առիթով

14:08, 27 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան մատակարարված բազմաֆունկցիոնալ գերժամանակակից Սու-30 ՍՄ կործանիչները հասել են խորհրդանշական մի օր՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ծննդյան օրը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Հայաստանին մատակարարված առաջին խմբաքանակում ներառված են չորս ինքնաթիռներ: Հովհաննիսյանը, ով կործանիչների՝ Հայաստան հասնելը համարում է իր ամենամեծ երազանքի իրականացումը, հետաքրքիր փաստեր է հաղորդում դրանց ժամանման մասին: «Այ սա երազանք էր, այ սա նվեր էր ծննդյան օրվա կապակցությամբ։ Պարոն նախարար, շնորհավոր ձեր ծննդյան օրը»,-նշել է ՊՆ խոսնակը:

Նա հրապարակել է նաև այն օդաչուի լուսանկարը, ով հետաքրքիր ցուցադրական թռիչքներ էր իրականացրել Սու-30 ՍՄ-ի ղեկին: «Օդաչու Եվգենի Վյաչեսլավի Ավերյանով: Նա էր այսօր մեր Սու-30ՍՄ-ով այդ աննորմալ պտույտները գործում։ Նա ՌԴ հերոս, օդաչու Վ. Ավերյանովի որդին է»,-տեղեկացնում է Հովհաննիսյանը:

Ինքնաթիռների դիմավորման արարողությանը մասնակցելու նպատակով Գյումրի էր մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստվում է ձեռք բերել  1 էսկադրիլիա (12) ՍՈւ 30 ՍՄ ինքնաթիռ:


© 2009 ARMENPRESS.am