Բանակը շարունակելու է սպառազինություն ձեռք բերել ռուսական ORSIS զինագործական ընկերությունից

17:11, 26 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերը շարունակելու են սպառազինություն ձեռք բերել ռուսական ORSIS (Պրոմտեխնոլոգիա) զինագործական ընկերությունից:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Սպառազինության մատակարարումների հետ կապված ավելի քան 80 համաձայնագիր կա, որոնց մի մասը երկարաժամկետ է: Գլխավոր շտաբի ծրագրերում փոփոխություններ չկան, և հաջորդ տարի ևս նախատեսված են գնումներ ORSIS-ից: Գնված սպառազինությունը մեզ մոտ է: Մնացած հարցերն իմ լիազորություններից դուրս են»,- նշեց Դավթյանը և հավելեց, որ պայմանագրերի հիմնական մասը կնքվել է իշխանափոխությունից հետո: 

Խոսելով սպառազինության մատակարարման մասին՝ ԳՇ պետը շեշտեց, որ կործանիչների մատակարարումների մասին պայմանագիրը կնքվել է իշխանափոխությունից հետո: Անդրադառնալով ՏՈՐ հակաօդային պաշտպանության զեինթահրթիռային համալիրի ձեռք բերմանը՝ Դավթյանը շեշտեց, որ դա և՛ նախկին, և՛ նոր իշխանությունների աշխատանքի արդյունք է: Նա ասաց, որ որոշումը կար, սակայն սառեցված էր:

Օգոստոսին ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում էր ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով  (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) նախատեսված հանցագործության հատկանիշներով օգոստոսի 17-ին հարուցվել էր քրեական գործ: Գործի շրջանակում երկու քրգործ միացվել է մեկ վարույթում:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրանով էական վնաս պատճառելու դեպքի առթիվ սեպտեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԶՈՒ կարիքների համար մրցույթի միջոցով սպառազինության գծով գնում կատարելու գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և դրա հետևանքով պետությանն էական վնաս հասցնելու դեպքի առթիվ: Նշված քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան: Նախաքննությունը շարունակվում է:

 

 


© 2009 ARMENPRESS.am