Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք նախագծերի

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք նախագծերի

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:

Առաջին ընթերցմամբ  քննարկվել են երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք այնուհետեւ ստացել են հանձնաժողովի դրական եզրակացություններ: Օրինագծերը  կընդգրկվեն ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական   փաթեթը հեղինակել են խորհրդարանում ներկայացված երեք խմբակցությունների ներկայացուցիչները՝ Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Հարություն Բաբայանը:

Հեղինակներն առաջարկում են   «Կրթության մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր պարբերությամբ. «Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, իսկ հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառելու դեպքում՝ անվճար կրթությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով»:

Հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանը պարզաբանել է, որ փաթեթով առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի ուսումնարաններում եւ քոլեջներում պետպատվերով տեղերից զատ՝ վճարովի հիմունքներով ուսանելու հնարավորություն ունենան նաեւ  այն դիմորդները, որոնք ցանկանում են սովորել այդ հաստատություններում:

Ըստ նրա՝ այդպես եւ դիմորդները կկարողանան իրենց նախընտրած տեղում սովորել, եւ  այդ հաստատությունները որոշակի  հավելյալ ֆինանսական միջոցներ  կունենան:

Փաթեթի վերաբերյալ դրական էր հարակից զեկուցողի՝ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքը: Ըստ նրա՝ վճարովի հիմունքներով սովորելու այս կարգն  ուսումնարաններից եւ քոլեջներից հանվել է վերջին տարիներին,  եւ դրա վերականգնմանը կողմ են նաեւ այդ հաստատությունների տնօրենները: Կառավարության դիրքորոշումը նախաձեռնության  վերաբերյալ եղել է բացասական:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մի շարք հիմնավորումներ է ներկայացրել՝ նկատելով, որ պատանիները հիմնականում  դիմում են այն մասնագիտությունները յուրացնելու  համար, որոնցով աշխատաշուկան գերբեռնված է եւ ավարտելուց հետո  նրանք համալրելու են գործազուրկների շարքերը: Ըստ նրա՝ պատանիները հիմնականում դիմում են հաշվապահություն, բուժական գործ, տուրիզմ եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ ուսուցանող ֆակուլտետներում սովորելու համար, սակայն կա այլ մասնագիտությունների՝ զոդողների, խառատների, ատաղծագործների կարիք, որոնք պահանջված են աշխատաշուկայում, սակայն չկան անհրաժեշտ չափով  մասնագետներ եւ նաեւ դիմորդներ: Նախարարի խոսքով՝ փաթեթը ժամանակավրեպ է, եւ առաջարկվող խնդրին պետք է անդրադառնալ 3-4 տարի անց, քանի որ  Կառավարությունն իր գործիքներով հարցն այսօր կարգավորում է:

Այնուամենայնիվ, նախարարի այս եւ այլ  փաստարկները չեն համոզել պատգամավորներին, եւ օրենսդրական փաթեթն ստացավ դրական եզրակացությունը: Փաթեթի ընդունման դեպքում  այն բուհերում, որտեղ նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության  ձեւը, միջին մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտները կկարողանան իրենց կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ՝ երկրորդ կուրսում՝ առկա ուսուցմամբ:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն  է տվել  նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է ներդնել հեռավար՝ դիստանցիոն կրթություն իրականացնելու մեխանիզմ, որը կրթական ծրագրի իրականացման այլընտրանքային ձեւ է,  եւ որի շրջանակներում  անմիջական եւ ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի եւ ուսուցչի միջեւ իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով:

Մեկ այլ փոփոխությամբ՝  ավագ դպրոցներում նախատեսվում է ներդնել կրեդիտային համակարգ: Օրենսդրական փաթեթը վերաբերում է նաեւ դպրոցների տնօրենների ընտրության կարգին: Նախատեսվում է տնօրենների ընտրության կարգը սահմանել այնպես, որպեսզի բացառվի նրանց գիտելիքները կրկնակի ստուգելու մեխանիզմը, որը կիրառվում է այսօր:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ օրակարգի երրորդ՝ «Համընդհանուր ներառական կրթության անցման հետօրենսդրական մոնիտորինգի» մասին զեկույցին, որը հանձնաժողովի առաջարկով  իրականացրել է  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]