1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   30 Մարտ 2024

Արամ Սաֆարյանը Հայաստանի համար շահեկան է համարում եվրասիական տնտեսական ինտեգրումը

Արամ Սաֆարյանը Հայաստանի համար շահեկան է համարում եվրասիական տնտեսական ինտեգրումը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական հարաբերությունները 2019 թվականի ընթացքում հետևողականորեն զարգացել ու խորացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 21-ի Եվրասիական փորձագիտական ակումբի վեցերորդ ամենամյա համաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Երկկողմ և երկու կողմերի մասնակցությամբ բազմակողմ հարաբերությունների ընդհանուր գնահատականը, անշուշտ, դրական է:Մեր փոքր երկիրը անցնող տարում շատ արժանապատվորեն և կառուցողական մոտեցումներով նախագահեց ԵԱՏՄ-ում: Գարնանը Հայաստանում հյուրընկալվեցին ԵԱՏՄ երկրների վարչապետները, ովքեր ակնհայտորեն գոհ ու բավարարված վերադարձան տուն: Հոկտեմբերի սկզբին Երեւանում հաջողությամբ աշխատեց Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը: ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հետ միասին Երեւանում էին Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը»,- նշեց Սաֆարյանը:

Ըստ քաղաքական վերլուծաբանի` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երեւան, նրա հանդիպումները վկայում են այն հաջողության մասին, որով պսակվեց Հայաստանի նախագահությունը ինտեգրացիոն այս կառույցում:

«Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները տարվա ընթացքում հանդիպել են վեց անգամ: Սա ինքնին խոսում է այն մասին, որ երկկողմ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում: Եթե տարվա սկզբում կային կասկածներ ու մտահոգություններ այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը կարող է խաթարվել թյուրըմբռնումների, մոտեցումների անհամապատասխանության եւ համատեղ օրակարգեր ձեւավորելու անկարողության արդյունքում, ապա տարվա քաղաքական անցուդարձը վկայեց, որ այդ մտահոգությունները հիմնականում պետք է փարատված համարել: Հայ-ռուսական երկկողմ համագործակցությունը բոլոր բնագավառներում շարունակել է վերընթաց արձանագրել, ձեռքբերված պայմանավորվածությունները նոր զարգացումների ու համագործակցության նոր ուղղությունների լավ հնարավորություն են ստեղծում»,- ընդգծեց Սաֆարյանը:

Նա նշեց, որ տնտեսագետներն ու քաղաքագետները սպասում են 12 ամիսների արդյունքով վիճակագրական ծառայության տվյալներին, որպեսզի վերլուծեն ու հասկանան Հայաստանի տնտեսության միտումները եվրասիական ինտեգրման գործընթացի համատեքստում:

«Մեր փորձագետները դեռ հոկտեմբերին կանխատեսել են, որ ՀՆԱ-ի ցուցանիշը կարող է 6%-ից բարձր լինել: Մեր տնտեսագետների մեկ այլ կանխատեսմամբ հայ-ռուսական առևտրատնտեսական ապրանքաշրջանառության ծավալը այս տարի էլ կաճի երկնիշ ցուցանիշով: Եթե այդ կանխատեսումները գոնե հիմնականում իրականանան, ապա դա վառ ապացույցը կլինի այն պնդման, որ եվրասիական տնտեսական ինտեգրումը շարունակում է շահեկան եւ օգտակար լինել Հայաստանի համար, շարունակում է նոր հնարավորություններ բացել մեր արդյունաբերության մի քանի ճյուղերի որակական զարգացման համար»,- հավելեց Սաֆարյանը:

Ըստ քաղաքական վերլուծաբանի` իրենք մտադիր են հունվար-փետրվար ամիսներին մի ընթացիկ մեծածավալ քաղաքատնտեսական եւ սոցիալական հետազոտություն անցկացնել պարզելու համար, թե ԵԱՏՄ գոյության հինգ տարիների ընթացքում ինչքանո՞վ են արդարացել մեր հասարակական-քաղաքական եւ գիտափորձագիտական շրջանակների սպասելիքները եվրասիական ինտեգրումից, որի լոկոմոտիվն է Ռուսաստանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]