Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Էդիթ պրինտ»-ը ընթերցողներին կներկայացնի Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» պատանեկան գիրքը

«Էդիթ պրինտ»-ը ընթերցողներին կներկայացնի Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» 
պատանեկան գիրքը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեսթսելերների հեղինակ, «Փրինց» մրցանակակիր Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» գրքի տասնվեցամյա հերոս Մայլս Հոլթերը հետաքրքրվում է հայտնի մարդկանց վերջին խոսքերով: Հետևելով ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի` մահվանից առաջ հնչեցրած մեկ արտահայտությանը` նա թողնում է ծնողների հետ իր ձանձրալի կյանքն ու ուղևորվում Քալվեր Քրիք դպրոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիրքը հայերեն է թարգմանել Աննա Դանիելյանը:

«2016 թվականից ի վեր աշխատել եմ տարբեր անհատների ու կազմակերպությունների հետ՝ գրելով ու թարգմանելով տեքստեր։ Նման տեքստերը հիմնականում մասնագիտական բնույթ են կրում, ունեն իրենց հետաքրքրությունը, սակայն մանկուց երազել եմ առնչվել հրատարակչական ոլորտի ու գեղարվեստական գրականության հետ։ Ցանկացած թարգմանչի համար, կարծում եմ, դա այն վերջնակետն է, որին նա ձգտում է մասնագիտական որակները բարելավելիս։ Ստացվեց այնպես, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ռիսկի դիմեց ու համաձայնեց ինձ վստահել «Ալյասկայի որոնումներում» գրքի թարգմանությունը։ Եթե Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» գիրքը թարգմանելուս ֆիլմ նկարահանվեր, կկոչվեր «Աննան՝ լեզվական համարժեքների որոնումներում»։ Դժվար էր հայերեն դարձնել կենցաղային խոսակցությունները, քանզի մեր լեզուն, կարծես, լրջությունն ու խոհեմությունն ավելի սիրի»,-պատմեց թարգմանչուհին:

Նրա խոսքով` Ջոն Գրինը ժամանակակից գրող է ու երկխոսություններում օգտագործում է հիմնականում ամերիկյան դեռահասներին հատուկ բառապաշար, ինչի արդյունքում խոսքի միջնամասից, ով գիտի, կերպարները սկսեն ռեփ կարդալ, իսկ թարգմանիչները պետք է այդ ամենը հանգավորեն իրենց լեզվով:

«Գրքի մասին շատ բան չեմ պատմի, բայց այն գերազանցապես ընկերության մասին է։ Նրա մասին, որ սեփական ես-ը փնտրելն ավելի հեշտ ու արագ է ստացվում, երբ բաց ես ընկերության ու սիրո առաջ։ Հենց այդպես էլ ստացվում է, երբ գլխավոր հերոս Մայլսը, ում հետ, հուսամ, կուզեք ծանոթանալ անձամբ, իրեն գտնում է Ալյասկայի որոնումներում»,-ներկայացրեց Դանիելյանը:

 Հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանն էլ հիշեցրեց, որ «Էդիթ պրինտ»-ը Ջոն Գրինից երեք գիրք է հրատարակել: «Հայերեն թարգմանությամբ արդեն իսկ լույս են տեսել նրա «Աստղերն են մեղավոր», «Թղթե քաղաքներ», «Անվերջ կրիաներ» ստեղծագործությունները: «Ալյասկայի որոնումներում» գիրքը պատանիների համար է նախատեսված, բայց մեծահասակներն էլ կարող են այստեղ հետաքրքիր գաղափարներ գտնել»,-ընդգծեց նա:

 «Ալյասկայի որոնումներումը» Ջոն Գրինի ամենաառաջին վեպն է: Լույս է տեսել 2005 թվականին: Բեսթելերի հիման վրա Hulu սթրիմինգային ծառայությունը նկարահանել է ութ էպիզոդանոց սերիալ, որը լույս է տեսել վերջերս:

Ջոն Գրինը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, աշխարհի #1 վաճառվող հեղինակը՝ իր «Ալյասկայի որոնումներում», «Բազմաթիվ Կատերինաներ», «Թղթե քաղաքներ», «Ուիլ Գրեյսոն, Ուիլ Գրեյսոն» (Դևիդ Լևիտանի հետ համատեղ) և «Մեղավոր են աստղերը» գրքերով։ Նրա մի շարք մրցանակների թվում կան «Printz Medal», «Printz Honor» և «Edgar Award»։ Երկու անգամ եղել է «LA Times Book Prize»-ի եզրափակիչում։ Գրինը «TIME» ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Նա իր ընտանիքով ապրում է Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]