1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեր անվտանգությունն ամուր և հուսալի ձեռքերում է. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱԱԾ-ի տոնին

Մեր անվտանգությունն ամուր և հուսալի ձեռքերում է. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 
ԱԱԾ-ի տոնին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության համակարգում պետք է հավասարակշռված քայլերով այնպիսի փոփոխություններ կատարել, որ ԱԱԾ-ն դառա առավել արդյունավետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ունեցած իր ելույթում:

«Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող գործողություններն առնչվում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, նրա անվտանգության շահերին: Բազմիցս եմ ասել, որ ներքին, արտաքին անվտանգությունը համարում եմ առաջնահերթությունների առաջնահերթությունը: Այդ գործում կարևոր կառույցներից մեկն ԱԱԾ-ն է: Կարող եմ արձանագրել, որ նախորդ մեկ ու կես տարվա ընթացքում ԱԱԾ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը»,-ասաց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ է անդրադարձ կատարվում ԱԱԾ-ի հասցեին հնչող քննադատություններին, սակայն կառույցի գործունեության հսկայական մասն իրականում անտեսանելի է հանրության համար: Առիթն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ծառայության աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար:

«Հայաստանը մի տարածաշրջանում է որտեղ իրավիճակը բարդ է, այն պարբերաբար սրվում է, և մենք երկարաժամկետ մարտահրավերներ ենք ունենալու անվտանգության, միջազգային, տարածաշրջանային իրավիճակի հետ  կապված: Ուզում եմ ընդգծել, որ այսօր ամենավերջին տվյալներով, ՀՀ-ն տեղ էր զբաղեցրել աշխարհի անվտանգ երկրների ցանկում: Պատկերացնո՞ւմ եք՝ հակամարտություն ունեցող, չորս սահմաններից երկու փակ սահման ունեցող երկիրը գտնվում է այս ցանկում: Շատ դեպքերում այդ ուղղությամբ իրականացված աշխատանքը չի նկատվում: Այսօր ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, երկրի անվտանգությունն ապահովող մյուս կառույցներին»,-ասաց նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա չի նշանակում, որ ծառայությունը կամ որևէ մարմին անթերի է աշխատում, այդպես չի կարող մտածել որևէ մեկը: Նա ընդգծեց, որ որևէ երկրում չկա անթերի աշխատող մարմին: ՀՀ վարչապետի խոսքով, մեր երկրի պետական ինստիտուտների որակի բարձրացումը կարևոր առաջնահերթություն է և պետք է հետևողական առաջ շարժվել այս ուղղությամբ:

«Այս ընթացքում քննարկումներ են եղել այն մասին, թե ես որքանով եմ որպես ՀՀ վարչապետ վստահում ԱԱԾ-ին, այն կառույցին, որը գործել է այն ժամանակներում, երբ ես եղել եմ ընդդիմադիր գործիչ, դրանից առաջ քաղբանտարկյալի կարգավիճակում էի: Բնականաբար, տարբեր ժամանակներում իրավապահ համակարգն աշխատում է տարբեր պայմաններում, բայց ուզում եմ ասել, որ նույնիսկ այն ժամանակներում ԱԱԾ-ն երբեք չի անցել կարմիր գծերը: Որպես ՀՀ վարչապետ վստահում եմ ԱԱԾ-ին, որովհետև իմ պատկերացումը հետևյալն է՝ ԱԱԾ-ն չպետք է լինի որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն: ԱԱԾ-ն բառիս բուն իմաստով ծառայություն պետք է լինի բոլոր իշխանությունների ժամանակ: Մեր խնդիրն է հավասարակշռված քայլերով այնպիսի փոփոխություններ կատարել համակարգում, որ այն դառնա առավել արդյունավետ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժամանակի ընթացքում ծառայությունն ավելի պակաս ջանք պետք է գործադրի կոռուպցիայի դեմ պայքարում, որովհետև կձևավորվեն առավել արդյունավետ կենտրոններ: ԱԱԾ-ն առավել կկենտրոնանա ահաբեկչության, սահմանադրական կարգի պահպանման և այլ խնդիրների վրա:

«Ցավոք, մեր հանրության մի զգալի մասը լավ չի պատկերացնում ԱԱԾ-ի գործունեության շրջանակը: Ընդգծեմ՝ հետախուզություն, հակահետախուզություն, սահմանապահ զորքեր, ահաբեկչության դեմ պայքար, որը սովորաբար դուրս է մնում ազգային անվտանգության ծառայության գործունեության մասին պատկերացումներից: Չափազանց կարևոր է, որ հետևողականորեն կարողանանք պայմաններ ստեղծել առավել արդյունավետ աշխատանքի համար»,-հավելեց նա:

Իսկ ի՞նչ հոգեբանական ծանրաբեռնվածության են ենթարկվում ԱԱԾ աշխատակիցները, որքանո՞վ են նրանք պաշտպանված այդ հետևանքներից՝ լինի սոցիալական, առողջական: ՀՀ վարչապետը նշեց, որ ԱԱԾ աշխատակիցները պետք է նաև իրենց ծառայությանը համարժեք  ունենան սոցիալական, հոգեբանական պաշտպանվածության երաշխիքներ:

«Մաղթում եմ, որ ամեն տարի նշենք այս տոնն ավելի բարձր տրամադրությամբ՝ վստահ, որ մեր երկրում անվտանգության խնդիրները լուծված են առավել բարձր մակարդակով, անվտանգության հարցերով զբաղվող մարմինները կարողանան ստեղծել այնպիսի պայմաններ, որ որևէ մեկը չկարողանա էական սպառնալիք ստեղծել Հայաստանի, Արցախի հանրապետությունների համար: Մեր անվտանգությունն ամուր և հուսալի ձեռքերում է, այն պետք է շարունակվի ի շահ հայ ժողովրդի»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]