Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Սուրեն Սարգսյանը Սենատում նախագահ Թրամփի իմփիչմենթի զարգացումները կանխատեսելի է համարում

 Սուրեն Սարգսյանը Սենատում նախագահ Թրամփի իմփիչմենթի զարգացումները 
կանխատեսելի է համարում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատում նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացի արդյունքը կանխատեսելի է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ամերիկագետ Սուրեն Սարգսյանն՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում նախագահ Թրամփի իմփիչմենթի օգտին քվեարկելու փաստին:

«Սենատում զարգացումներն ավելի քան կանխատեսելի են, այնտեղ կլինի նախագահ Թրամփի պաշտպանություն, որովհետև ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, Սենատում հանրապետական Դոնալդ Թրամփը մեծամասնություն ունի: Նշեմ նաև, որ ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, այստեղ քվեարկությունը ոչ թե բացարձակ մեծամասնության այլ ձայների 2/3-ով է լինելու: Սա նշանակում է, որ առնվազն երկու տասնյակից ավելի Թրամփի կողմնակիցներ նրան, այսպես ասած, պետք է դավաճանեն, որ իմփիչմենթը հասնի իր տրամաբանական ավարտին, այսինքն, նախագահին պաշտոնազրկել, իսկ դա քիչ հավանական է: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Թրամփի հեղինակությունը բավական բարձր է»,-ասաց Սուրեն Սարգսյանը:

Ամերիկագետն իմփիչմենթի գործընթացն ամբողջությամբ տեսնում է ԱՄՆ-ի ներքաղաքական զարգացումների համատեքստում: Այս ամենի պատճառն այն էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահին խնդրանքով դիմել էր, որպեսզի վերջինս հանձնարարի դատախազին պարզելու, թե Ջո Բայդենի որդին ինչ ճանապարհով է ֆինանսական միջոցներ ձեռք բերել Ուկրաինայում:

«Ջո Բայդենն ԱՄՆ նախագահի թեկնածու է, և 2020 թվականի նախագահական ընտրություններում հիմնական մրցակիցն է լինելու: Դեմոկրատները պնդում են, որ սա ուղղակիորեն այլ պետության ներկայացուցիչներին ներքաղաքական գործընթացների մեջ խառնել է նշանակում, ինչը ծանր հանցագործություն է»,-ասաց Սուրեն Սարգսյանը:

Ամերիկագետը նշեց, որ, թեպետ, իմփիչմենթի գործընթաց է գնում, Դոնալդ Թրամփը շարունակում է լինել ԱՄՆ նախագահը` առանց լիազորությունների որևէ սահմանափակման: Նա կարող է նաև մասնակցել 2020թ. ընտրություններին: Ամեն դեպքում, եթե նույնիսկ Սենատը նրան պաշտոնազրկեց, չնայած դա քիչ հավանական է, նախագահի լիազորությունները կատարելու է փոխնախագահը, տվյալ դեպքում Մայք Փենսը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 18-ին կայացած քվեարկության ընթացքում 230 կողմ, 197 դեմ հարաբերակցությամբ իմփիչմենթ հայտնեց նախագահ Թրամփին` իշխանությունը չարաշահելու, Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու համար:  Իմփիչմենթի գործընթացի հաջորդ փուլը Սենատում է, որը հարցը կքննարկի արտահերթ ընթացակարգով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ