Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իսրայելում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի բնույթը, հնարավոր զարգացումները

Իսրայելում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի բնույթը, հնարավոր զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 11-ի կեսգիշերին լրացավ Իսրայելում կոալիցիոն կառավարության ձևավորման վերջնաժամկետը. առաջատար քաղաքական ուժերին այդպես էլ չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ձևավորել: Դեկտեմբերի 12-ի վաղ առավոտյան Իսրայել պետության 22-րդ Քնեսեթը 3-րդ ընթերցմամբ՝ 94 կողմ, 0 դեմ ձայների համամասնությամբ, ընդունեց լուծարման մասին օրենքը: Հաջորդ՝ 23-րդ և 1 տարվա ընթացքում արդեն 3-րդ խորհրդարանի ընտրությունները տեղի են ունենալու 2020թ. մարտի 2-ին:

Հարկ է հիշեցնել, որ նախորդ՝ ս.թ. ապրիլի 9-ի արտահերթ ընտրություններից հետո Իսրայել պետության պատմության ընթացքում ամենաաղմկալի, ամենառեսուրսատար ընտրական գործընթացի արդյունքում ձևավորված 21-րդ խորհրդարանը գոյատևեց ընդամենը 50 օր, ինքնալուծարվեց՝ շրջանցելով օրենքով նախատեսված այլ կարգավորումները. նման հանգուցալուծումը ևս աննախադեպ էր այդ երկրի համար: Ի տարբերություն՝ 22-րդ Քնեսեթի գործունեության ընթացքում կիրառվեցին Իսրայելի օրենսդրությամբ նախատեսված կոալիցիոն կառավարության ձևավորման բոլոր եղանակները՝ երկու հիմնական մրցակից գործիչների կողմից անգամ համազգային միասնության կառավարության ձևավորման փորձից, մինչև հենց խորհրդարանի ջանքերով կոալիցիայի կազմավորման հնարավորությունը։

Մինչդեռ բոլոր միջոցներն էլ ձախողվեցին:

Ըստ էության, 2 ընտրությունների արդյունքներով էլ որևէ քաղաքական ուժի չհաջողվեց էական առավելություն արձանագրել մրցակիցների նկատմամբ։ Ավելին, անգամ իշխող աջակողմյան ուժերի և ընդդիմադիր ձախակենտրոն ճամբարի ժողովրդականությունն իսրայելական հասարակության շրջանում գրեթե հավասար է՝ 54-58 մանդատի միջակայքում: Նրանցից որևէ մեկը չի կարողանում ստանալ անհրաժեշտ 61 մանդատը և պարզ մեծամասնություն կազմել խորհրդարանում։ Զուտ թվային առումով ստեղծված թնջուկի պատճառն այն է, որ մրցակից քաղաքական ճամբարների միջև մոտ 8 մանդատով, առանց բացահայտ կողմնորոշման, մանևրում էր աջակենտրոն «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը՝ որևէ կոալիցիայի միանալու միակ պայման առաջադրելով ազգային միասնության կառավարության ձևավորումը, ինչը հիմնական քաղաքական դերակատարների միջև առկա խրթին փոխհարաբերությունների պարագայում անհնարին է:

 

Ներքաղաքական ճգնաժամի պատճառները

Հարկ է ընդգծել, որ նման կայացած ժողովրդավարական ավանդույթ և խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում շուրջ 1 տարի ձգվող քաղաքական ճգնաժամի հանգուցային պատճառը հիմնական քաղաքական դերակատարների միջև առկա անհաղթահարելի հակասությունների, ինչպես նաև հասարակության՝ ընդգծված բևեռացված լինելու իրողությունն է:

Ուշագրավ է հատկապես անձնային գործոնով պայմանավորված խնդիրների էությունը, որոնց առանցքում գործող վարչապետ իշխող «Լիքուդ» կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուի և «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավար, նախկին ՊՆ Ավիգդոր Լիբերմանի փոխհարաբերություններն են։

Բանն այն է, որ Նեթանյահուն շարունակում է ամեն կերպ կառչած մնալ վարչապետի աթոռից՝ նաև ունեցած անձեռնմխելիության պատճառով՝ խուսափելու համար իր դեմ հարուցված 3 քրեական գործերով պատասխանատվություն կրելու հավանականությունից: Իսկ Լիբերմանը, որի քաղաքական մրցակցությունը վարչապետի հետ տասնամյակների պատմություն ունի՝ սկսած դեռևս ընդհանուր կուսակցության շարքերից, Նեթանյահուի գլխավորած բոլոր կոալիցիոն կառավարությունների վաղաժամկետ հրաժարականի գլխավոր «մեղավորն» է: Թեպետ Լիբերմանի նման վարքը գաղափարական առումով հիմնավորվում է ծայրահեղ ուղղափառ հրեական կրոնական համայնքների՝ հարեդիմների իրավունքները սահմանափակելուն միտված դիրքորոշմամբ, որոնք Նեթանյահուի անդավաճան կոալիցիոն գործընկերներն են, այդուհանդերձ, երկու գործիչների փոխհարաբերությունները հաճախ չափվում են ատելության աստիճանով:

Բացի նշվածից, որքան էլ Նեթանյահուի կառավարման շրջանը միանշանակորեն կարելի է գնահատել՝ որպես Իսրայել պետության համար անհերքելի համակողմանի զարգացման շրջափուլ, այդուհանդերձ, այդ երկրի հասարակության մի ստվար հատված, ակնհայտորեն, ձանձրացել է ավելի քան 1 տասնամյակ անընդհատ կառավարող երկրի ամենաերկարակյաց վարչապետից:

Ինչ վերաբերվում է ընդդիմադիր ձախակենտրոն ճամբարի դիրքորոշմանը, որը ներկայում գլխավորում է «Կապույտ և սպիտակ» կենտրոնամետ քաղաքական միավորումը նախկին ԳՇ պետ Բենի Գանցի և մի շարք այլ պատկառելի քաղաքական և ռազմական դերակատարների առաջնորդությամբ, ապա նրանք խուսափում են գործող վարչապետի հետ որևէ համագործակցության հնարավորությունից՝ անգամ ռոտացիոն պայմանով վարչապետի պաշտոնը Նեթանյահուի հետ համատեղելուց՝ նրա կողմից առաջինը պաշտոնավարելու դեպքում: Ընդդիմադիրների մտավախությունները բավական հիմնավորված են, քանի որ մեկ անգամ չէ, որ Նեթանյահուն կարողացել է հմտորեն մանևրել քաղաքական հակառակորդների հետ հարաբերություններում: Իսկ նրա հետ համագործակցությունը հղի է վարկանիշի կտրուկ անկմամբ, քանի որ ընդդիմադիր ուժերի հռետորաբանության հիմնական առանցքն վարչապետի անձն է:

Հանգուցալուծման հնարավոր տարբերակները

Ստեղծված պայմաններում ճգնաժամի հանգուցալուծման ամենաառարկայական տարբերակն Իսրայելի քաղաքական դաշտում հիմնական գործիչ-դերակատարների շարքում էական փոփոխության սցենարն է, որը հնարավոր է, օրինակ՝ ներկուսակցական փրայմերիզմների միջոցով: Որպես օրինակ՝ իշխող «Լիքուդ» կուսակցության առաջադրած որևէ այլ թեկնածուի դեպքում իրավիճակը տրամագծորեն կփոխվի(մինչև տարեվերջ անցկացվելու է իշխող կուսակցության փրայմերիզ, սակայն վարչապետին «ձեռնոց նետած» նախկին ՆԳ նախարար Գիդեոն Սաարի հնարավորություններն այս պահին այդքան էլ բարձր չեն գնահատվում): Գուցե կուսակցության ստացած քվեների քանակը պակասի, բայց աջակողմյան դաշինքը միանշանակորեն կկարողանա ստանալ անհրաժեշտ մանդատների թիվը՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար. համենայն դեպս, այդ մասին են վկայում նաև ցայժմ անցկացված բոլոր սոցհարցումները։ Հակառակ պարագայում մեծ է հավանականությունը, որ անգամ մարտի 2-ին նախանշված հերթական ընտրությունների արդյունքները ևս չեն հանգեցնի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը: Կարգավորման քիչ հավանական սցենարներից է նաև մրցակից ճամբարներից որևէ մեկի պառակտումը և դրանց ներկայացուցիչ առանձին քաղաքական ուժերի սեպարատ բանակցություններն ընտրություններում հաղթած կուսակցության հետ։

Իսրայելի ներքաղաքական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա

Տարածաշրջանային գործընթացների համատեքստում Իսրայելում շարունակվող ներքաղաքական ճգնաժամը ևս ինքնըստինքյան հանգեցնում է մերձավորարևելյան մի շարք հանգուցային հակամարտությունների առնչությամբ անորոշության: Իսրայելում կառավարության ձևավորման գործընթացի ձգձգումը հերթական անգամ մեծ հարցականի տակ է պաղեստինաիսրայելական հիմնախնդրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեղինակած «Դարի գործարքի» ճակատագիրը, Իրանի մեկուսացման քաղաքականության(նաև Սիրիայում, Իրաքում, Լիբանանում) շուրջ հետագա զարգացումները, որոնց մասնակից գլխավոր դերակատարների համար կարևորագույն պայման է Իսրայելում կայուն իշխանության առկայությունը: Մեծ հավանականությամբ, առաջիկա 2 ամիսներին Մերձավոր Արևելքին սպասվում է բավական անկանխատեսելի ժամանակաշրջան, քանի որ այս ընտրափուլը, ըստ էության, իշխանության ղեկը պահպանելու Նեթանյահուի վերջին հնարավորությունն է, և Իսրայելի վարչապետը ձգտելու է թե՛ ներքին, թե՛ արտաքին և անվտանգային քաղաքական ուղեգծերում բավական ակտիվ, անգամ ագրեսիվ լինել՝ իսրայելցի ընտրողին համոզելու համար, որ պետության պատմության այս կարևորագույն շրջափուլում ինքը և իր թիմն այլընտրանք չունեն:

Իսրայելում ներքաղաքական ճգնաժամի արագ հանգուցալուծումը կարևոր է նաև Հայաստանի համար՝ հաշվի առնելով այդ երկրում հայկական բազմաշերտ ներկայության իրողությունը, ինչպես նաև Երևանի մերձավորարևելյան քաղաքական ուղեգծում Թել Ավիվի հետ հարաբերությունները համակողմանիորեն ավելի ակտիվացնելու ծրագրերը, որի համար առանցքային նախապայման է այդ երկրում կայուն քաղաքական իրավիճակն ու հասարակական լայն համակրանք վայելող կառավարության առկայությունը:


Արմեն Պետրոսյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]