Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գործադիրում քննարկվել է Գյուղատնտեսության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը

Գործադիրում քննարկվել է Գյուղատնտեսության զարգացման 2020-2030 թվականների 
ռազմավարության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը մանրամասն ներկայացրել են ռազմավարության նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք ըստ նրանց, սահմանվել են՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները: Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով ռազմավարության բովանդակությանը՝ զեկուցել է, որ այն հիմնված է կայուն զարգացող, նորարարական լուծումներ ընդունող, բարձր ավելացված արժեք ստեղծող, առավելապես արտահանող, բնական պաշարները խնայողաբար օգտագործող, բարեկեցություն երաշխավորող գյուղատնտեսություն ունենալու վրա:

Նախարարն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին, որոնց շրջանակում նշել է գյուղատնտեսության ցածր արդյունավետությունը, սննդամթերքի անվտանգության անբավարարությունը, ներքին շուկայում կենտրոնացվածությունը, ինստիտուցիոնալ ցածր կարողությունների առկայությունը, ինովացիաների կիրառության սահմանափակությունը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ռազմավարության նախագիծը մշակվել է հաշվի առնելով նշված խնդիրները: Այդ առումով, նշվել է, որ ոլորտի զարգացման համար  ընտրվել են հետևյալ սկզբունքները՝ ագրեգացում,  առևտրայնացում, երիտասարդության ներառում, դիվերսիֆիկացում և ռիսկերի կառավարում, կլիմայական հարմարվողականություն, տեխնոլոգիական արդիականացում:

Էկոնոմիկայի նախարարը ռազմավարության առաջնահերթությունների թվում նշել է օգտագործվող հողատարածքների ավելացումը, ոռոգման համակարգի բարելավումը, ֆինանսների հասանելիության բարձրացումը, սերմերի և տնկանյութերի որակի բարելավումը, ժամանակակից անասնաբուծության խթանումը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, արտահանմանը միտված տեղական շուկայի ձևավորումը, գյուղատնտեսական ներդրումների ներգրավման գործիքների մշակումը, կոոպերացիաների և համախմբման խթանումը, գյուղատնտեսական մանրածախ և մեծածախ շուկաների զարգացումը:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել առաջնահերթություններով նախատեսվող միջոցառումներին, դրանց հնարավորություններին, հնարավոր խնդիրներին, ոլորտի զարգացման մասին օրենքի մշակման ընթացքին, հողային ռեֆորմի իրականացմանը և այլ հարցերի:  

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման կարևորությունը՝ վերջնարդյունքում ընդունվելիք ռազմավարությանը համապատասխան: Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է փաստաթղթում առկա խնդիրների լուծման նպատակով շարունակել ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները շահագրգիռ գերատեսչությունների հետ և դրանց արդյունքներով նախագիծը դնել շրջանառության մեջ:

      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]