Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քաղաքապետարանը համալրվում է ձնամաքրման աշխատանքներն իրականացնելու նոր տեխնիկայով

Քաղաքապետարանը համալրվում է ձնամաքրման աշխատանքներն իրականացնելու նոր 
տեխնիկայով

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում այս պահին ձմռան նախապատրաստական աշխատանքներ են: Արդեն պահեստավորվել է 2000 տոննա աղ և 3000 տոննա ավազ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ձնամաքրման համար նախատեսված հատուկ տեխնիկան պատրաստ է, բազմագործառութային բոլոր մեքենաները ջրցանից վերափոխվել են աղցանի:

«Այս պահին ունենք 21 միավոր տեխնիկա, որոնք սարքավորված են ձմեռային տարեշրջանի համար, և սպասում ենք ևս 8-ին, որոնցից 3-ն արդեն Հայաստանում են, ևս 5-ը նախատեսում ենք այս տարվա ընթացքում»,- նշել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

ՀՈԱԿ-ի աշխատակիցները պատրաստ սպասում են առաջին ձյանը:

«Բոլոր վարորդներն ունեն իրենց... Պատասխանատուներ կան, որոնք կոնկրետ մեքենաներով են զբաղվում: Ամբողջ գիշեր պտտվում են տեղամասերում, և եթե ձյուն էլ չգա, բայց մերկասառույց լինի, այդ պարագայում ևս դուրս են գալիս մեքենաները, և աղ ենք ցանում»,-ասել է Արմեն Գրիգորյանը:

Մատակարարի կայանում գտնվող երեք բազմագործառութային մեքենաները ևս շուտով կտեղափոխվեն համայնքային հիմնարկի հավաքակայան:

Ձմռանը նախապատրաստվելու ընթացքին օրերս ծանոթացել է նաև քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Պարզ է, որ մեր հիմնարկը նոր է ստեղծված, և տեխնիկայով մինչև վերջ համալրված չէ, ուստի կարող է անհրաժեշտություն լինել ձնամաքրման աշխատանքներում ներգրավել նաև այլ ընկերությունների»,- ընդգծել է քաղաքապետը:

Տեխնիկայի հավաքակայանի համալրումը շարունակվում է: Այս գործին են միացել նաև Հայաստանում և արտերկրում աշխատող ընկերություններն ու գործարար անհատները: Քաղաքը նվեր է ստանում ոչ միայն ձյուն մաքրող, այլ նաև աղբատար մեքենաներ:

«Մենք այստեղ ապրում, աշխատում ենք, բայց մեզ զգում ենք Երևանի լիարժեք բնակիչ: Երբ իմացանք, որ քաղաքապետարանն աղբահանության համար հատուկ տեխնիկայի կարիք ունի, նախաձեռնություն հանդես բերեցինք և որոշեցինք աջակցել: Թեև աջակցությունը մեծ չէ, սակայն ուրախ ենք, որ այն օգտակար կլինի քաղաքին»,- ընդգծում է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Ջոու Հոնյոն:
«Մենք բոլորս խոսում ենք, որ սիրում ենք մեր քաղաքը, երկիրը: Ինձ թվում է՝ խոսելուց բացի ամեն մեկս պետք է իր լուման ունենա, որ կարողանանք կերտել լավ քաղաք: Մեր որոշման հիմքում ի սկզբանե եղել է հենց այդ գաղափարը»,- նշել է «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ գլխավոր մենեջեր Գևորգ Գևորգյանը:

«Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն Հայկ Իսրայելյանը շեշտել է, որ իրենց կազմակերպությունը գործունեություն է ծավալում Երևանում և ստանում է բավական շահույթ:

«Որոշեցինք, որ այդ շահույթից ինչ-որ բանով պետք է օգնենք նաև քաղաքին: Կոչ կանենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք գործունեություն են ծավալում Երևանում և ի վիճակի են, կարող են օգնել, իրենց լուման ներդնել քաղաքի բարօրության համար»,- ասել է Իսրայելյանը:

«Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ համահիմնադիր Արմեն Ասատրյանն էլ նշել է, որ հեղափոխության շնորհիվ իրենց նման ոչ մեծ հնարավորություն ունեցող մարդիկ կարողացան համախմբվել, ստեղծել ընկերություն ու նաև այդպիսի քայլով հանդես գալ:

«Հասկանալով, թե ինչ խնդիրներ կան քաղաքի մաքրության ապահովման ոլորտում ես եմ առաջարկել, որ եթե ինչ-որ ձևով կարող ենք օգտակար լինել, ապա ասեն մեզ: Որևէ բան ստանալու ակնկալիք չունեինք: Ես արել եմ դա զուտ մարդասիրական նպատակներով՝ իմ քաղաքի ու երկրի համար: Կարծում եմ՝ բոլորն էլ պետք է նման քայլի գնան»,- նշել է «ԱՄ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ հիմնադիր Էդվարդ Աբրահամյանը:

Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված գործելաոճ է:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին, այն անձանց, ովքեր նվիրատվություն են անում կամ բարեգործություն են անում Երևանի համար: Սա շատ կարևոր գործընթաց է, որովհետև թեև Երևանն, իհարկե, ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք շատ ավելի շատ են, քան բավարարում է բյուջեն: Եվ ուստի մեզ պետք է մեր հայրենիքում ու սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օգնությունը»,-ասել էր քաղաքապետը:
Քաղաքը գործարարներից ընդունում է և ընդունելու է օժանդակություն՝ համայնքի խնդիրները լուծելու համար՝ լինի աղբատար, թե այլ տեխնիկա, բնակտարածքների, հանրային գոտիների բարեկարգում, այլ գույք կամ ծառայություն: Նպատակը մեկն է՝ համատեղ ուժերով օր առաջ բարելավել քաղաքային միջավայրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]