Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ փախստականների տունդարձի իրավունքի միջազգայնացման հրամայականը

Հայ փախստականների տունդարձի իրավունքի միջազգայնացման հրամայականը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվի կողմից Ղարաբաղի ադրբեջանական համայնքի բանակցություններին ներգրավման մասին կատարվող բարձրաձայնումները հակադարձություն են պաշտոնական Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի հայկական կողմի առաջադրանքին: Փախստականների հարցը թեժ պահելու Բաքվի քաղաքականությունը պատմություն ունի: Այն ուղղված չէ միայն միջազգային ընտանիքին՝ ուշադրություն գրավելու, մարդասիրական զանազան ծրագրերից օգտվելու եւ միջազգային հանրային կարծիքի վրա զգայուն ալիքներ հաղորդելու համար:

Ուրեմն, ըստ ԵԱՀԿ 1992 թ. մարտի  24-ի Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի, հակամարտության կողմեր են ՀՀ-ն, Ադրբեջանը, ինչպես նաեւ ԼՂ ընտրված եւ այլ ներկայացուցիչներ: «Այլ»  ձեւակերպումը Բաքուն շահագործում է իր շահերից բխած մեկնաբանություններ հրապարակայնացնելով:

Երկրորդ. ՀՀ-ն եւ Արցախը երբեք չեն ընդունել ԼՂ ադրբեջանական համայնք ձեւակերպումը, թեեւ այդ համայնքի ներկայացուցիչները միշտ անուղղակի ձեւով ներկայացվել են բանակցություններին 1994-97 ժամանակահատվածում։ Այդ ներկայությունը եղել է ադրբեջանական պաշտոնական պատվիրակության մաս կազմելով: Իբրեւ անկախ միավոր ղարաբաղաադրբեջանական համայնքը երբեք չի մասնակցել որեւէ բանակցության:

Ադրբեջանը երբեք չի ընդունել ԼՂ-ի բանակցային կողմ լինելը, թեեւ բանակցել է եռակողմ ձեւաչափով 1994-97-ին:

Ադրբեջանի մարտավարությունը եղել է այն, որ կա՛մ  բանակցում են  ՀՀ-ն եւ Ադրբեջանը, հետեւաբար` ԼՂ հարցը տարածքային վեճ է երկու պետությունների միջեւ: Կա՛մ, եթե ՀՀ-ն խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին, ապա ԼՂ-ում կա երկու համայնք:

Հայկական կողմի մեկնաբանությունը` ղարաբաղաադրբեջանական համայնքը բանակցային ձեւաչափին չներառելու առումով քաղաքականորեն ընկալելի է: Այդ կարգավիճակը ունեցող ադրբեջանցիները մասնակցել են Ադրբեջանի ընտրություններին, հետեւաբար, բանակցող Ալիեւը ներկայացնում է նաեւ իրենց։

Այժմ ղարաբաղաադրբեջանական համայնքի անունով, Թուրալ Գյանջալիևը, որը ներկայանում է իբրեւ այդ համայնքի նախագահ, միջազգային ընտանիքի անուղղակի հասցեագրված ուղերձներ է հրապարակում, թե իրենք պատրաստ են հայերի հետ խաղաղությամբ գոյակցելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում  հակամարտության լուծումից հետո։

Ադրբեջանը փորձում է լիարժեք օգտագործել փախստականների տունդարձի իրավունքի սկզբունքը, Ստեփանակերտի բանակցային սեղանի միացման առաջադրանքին հակադրելով  փախստականների միավորի մասնակցության անհրաժեշտությունը: Մինչդեռ, փախստականների տունդարձի խնդիրը չի կարող միակողմանի բնույթ ունենալ: Անկախ նրանից, որ բանակցային կետերի այս հարցը ներառված է տարբեր փաստաթղթերում` մադրիդյան, նորացված մադրիդյան, կազանյան, լավրովյան, թե ԵԱՀԿ-ի տարբեր հայտարարություններում:  Ադրբեջանից եւ հյուսիսային Արցախից բռնատեղահանված կամ ուղղակի Բաքվի կազմակերպած ջարդերից փախած հայ փախստականների թղթածրարը միջազգայնացման բոլոր նախադրյալներն ունի:

Հայկական կողմը բոլոր պատճառները ունի աշխուժորեն արծարծելու Բաքվի ջարդարար քաղաքականության իբրեւ հետեւանք հայ փախստականների տունդարձի իրավունքը, միջազգային տարբեր ատյաններում: Եվ այդ հարցի արծարծման առընթեր բարձրացնելու` Արցախի բռնագրավված տարածքների Արցախի Հանրապետության վերակցման առաջադրանքը:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]