Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի և մարզերի որոշ թատրոններ ու թանգարաններ բաց կլինեն նաև տոնական օրերին

Երևանի և մարզերի որոշ թատրոններ ու թանգարաններ բաց կլինեն նաև տոնական 
օրերին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորին արվեստասերների կյանքը մշակութային բաղադրիչով հարստացնելու նպատակով բաց կլինեն մի շարք թատերահամերգային հաստատություններ և թանգարաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Ըստ իս` սա շատ կարևոր ու աննախադեպ նախաձեռնություն է: Ամանորից հետո միշտ խոսում ենք այն մասին, որ տոները դիմավորելու և անցկացնելու  ձևաչափն իրեն վաղուց սպառել է: Կարծես թե հայտնվել ենք մի շրջապտույտում, երբ գիտակցում ենք, որ նոր բան ենք ուզում, նոր ձևաչափ, նոր հարաբերություններ,  տոները դիմավորելու կենցաղը և մշակույթը փոխելու, տոնական օրերին նվազագույնս ծանրաբեռնելու կարիք ունենք: Տարվա ընթացքում գերծանրաբեռնված լինելու պատճառով հաճախ ժամանակ չի լինում ընտանեկան մշակութային ժամանցի համար»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ այս նախաձեռնությամբ փորձում են քայլ առ քայլ արմատախիլ անել տոներն անցկացնելու ընդունված, սպառված մշակույթը:

Տոներին կամավորության սկզբունքով գործելու են Մայր թատրոնը, Հ. Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Ռուսական թատրոնը, Պետական կամերային երաժշտական, Խամաճիկների պետական, Տիկնիկային, Համազգային, Գոյ թատրոնները և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Նախաձեռնությանը միացել են նաև մարզերի թատրոնները: Ամանորին   թատերասերները կարող են ներկայացումներ դիտել Գորիսի Վ. Վաղարշյանի անվան, Վանաձորի Հ. Աբելյանի անվան, Գյումրու Վ. Աճեմյանի անվան և Արտաշատի պետական դրամատիկական թատրոններում:

Նախարարի օգնական Դավիթ Դանիելյանն էլ տեղեկացրեց, որ արձակուրդների ընթացքում հունվարի 1-5-ը բաց կլինեն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հովհաննես Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի թանգարանները, Ռուսական արվեստի, Հայաստանի պատմության թանգարանները, Հայաստանի ազգային պատկերասրահը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]