Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Փաշինյանը հայության անունից գնահատանքի խոսքեր հղեց Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին

Փաշինյանը հայության անունից գնահատանքի խոսքեր հղեց Սենատի և 
Ներկայացուցիչների պալատի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից շնորհակալական խոսքեր հղեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևերի ընդունման համար:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետն այս առնչությամբ ելույթ ունեցավ Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում։

«Երեկ տեղի է ունեցել շատ կարևոր և պատմական իրադարձություն` Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև, և ես ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, նաև Ներկայացուցիչների պալատի անդամներին: Հոկտեմբերի վերջին Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Եվ ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Միացյալ Նահանգների հայությանը, բոլոր այն կազմակերպություններին, անհատներին, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր և պատմական որոշման կայացման գործում, և շնորհավորել հայ ժողովրդին ճշմարտության այս պատմական հաղթանակի առիթով, որը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում և այդ գործընթացը բերում է նոր մակարդակի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական ճշմարտության արձանագրման առումով, այլև, որպես ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման մի կարևոր բաղադրիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]