Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց 
Ցեղասպանության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

«Գոհունակությամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարևորագույն հանգրվան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնման պայքարում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ Սենատի անդամներին և բանաձևը հեղինակած սենատորներին, ովքեր իրենց արդարամիտ կեցվածքը դրսևորեցին ի նպաստ հայ ժողովրդի ու ի շահ Հայոց Ցեղասպանության ծանր հետևանքների հաղթահարման` բացելով մեր պահանջատիրության պատմական նոր էջը։

Մենք ողջունում ենք նաև ազգային բոլոր մեր հաստատությունների և նվիրյալ անհատների տասնամյակների ազգանվեր աշխատանքը Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ ու քաջալերում նրանց այս պատասխանատու հանձնառությունը: Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին։

Մեր աղոթքն է, որ Աստված խաղաղության մեջ պահի համայն մարդկության կյանքը` զերծ Հայոց Ցեղսպանության նման ողբերգություններից ու արհավիրքներից` հանուն բոլոր ժողովուրդների հաշտ ու համերաշխ ապագայի», - նշել է Վեհափառ Հայրապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]