Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

ԱԺ նիստը մեկնարկեց Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանն ուղղված ծափահարություններով

ԱԺ նիստը մեկնարկեց Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանն 
ուղղված ծափահարություններով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները արտահերթ նիստի մեկնարկում հոտնկայս ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին ԱՄՆ Սենատին, Ներկայացուցիչների պալատին, Ամերիկայում Հայ դատի գրասենյակին, Ամերիկայում հայկական ասամբլեային և բոլոր նրանց, ովքեր աջակցել են Սենատում և Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևերի ընդունմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 12-ի նիստի սկզբում ԱԺ երեք խմբակցությունների անունից շնորհակալական խոսքեր հնչեցրեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը:

«Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած պատմական քվեարկությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչեց և դատապարտեց 20-րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկի, ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության` իրենց հայրենիքում 1,5 մլն հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրության կողմից: Ես ձեր բոլորի անունից` երեք խմբակցությունների անունից, ցանկանում եմ ողջունել ԱՄՆ Սենատի, ինչպես նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին` համապատասխանաբար թիվ 150 և 296 բանաձևերի միաձայն ընդունման կապակցությամբ և փաստել, որ այս կարևոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացան Ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը: Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես սենատորներ Մենենդեսին և Քրուզին, ինչպես նաև, դրանից առաջ, կոնգրեսական Շիֆին, և հայազգի բոլոր մյուս բարեկամներին` Կոնգրեսի երկու պալատներում այս օրինագծերի նախաձեռնության և պաշտպանության համար: Ուզում եմ նաև առանձին երախտիքի խոսքեր հղել Ամերիկայում Հայ դատի գրասենյակին և Ամերիկայում հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, ովքեր տարիներ շարունակ ջանքեր չեն խնայել այս կարևոր արձանագրմանը հասնելու համար»,- ասաց Միրզոյանը:

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզի (հանրապետական, Տեխաս) հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդում է Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ