ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է Բանակի մարզական ակումբը վերականգնելու կառավարության օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի նիստում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Կարծում եմ, այս նախագիծը բավական սպասված է: Ներկայացված նախագծով առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը և զինվորական ծառայության զորակոչել սպորտում հաջողության հասած մեր այն քաղաքացիներին, որոնք չեն ընկնում տարկետում տալու կարգի շրջանակի մեջ»,- նշել էր Բալայանը:
Օրենքի նախագիծն Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է միաձայն՝ 107 կողմ ձայնով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում