Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Համապարփակ առողջապահական ծածկույթը մատչելի կդարձնի ծառայությունները քաղաքացիների համար

Համապարփակ առողջապահական ծածկույթը մատչելի կդարձնի ծառայությունները 
քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համապարփակ առողջապահական ծածկույթը՝ յուրաքանչյուր անձի՝ անկախ գտնվելու վայրից և ժամանակից, հնարավորություն կտա օգտվել որակյալ առողջապահական ծառայություններից՝ առանց որևէ ֆինանսական դժվարության: Համապարփակ առողջապահական ծածկույթին հասնելն առողջության համաշխարհային գերակայություն է, որը ներառված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Առողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանադրության և մշակութային, տնտեսական և սոցիալական իրավունքների միջազգային դաշնագրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 12-ը 2012 թվականից ՄԱԿ-ը հռչակել է Առողջապահության համընդհանուր հասանելիության միջազգային օր, ինչի առթիվ կազմակերպվել էր մամուլի ասուլիս:

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը շեշտեց, որ պարտավորություն ունեն յուրաքանչյուր քաղաքացու առջև մատչելի դարձնել առողջապահական ծառայությունները։

«Մենք պետք է այնպես անենք, որպեսզի մեր քաղաքացիները լինեն ֆինանսապես ավելի պաշտպանված, որպեսզի բժշկական ծառայություն ստանալու համար վճարելով՝ գրպանից չաղքատանան: Համապարփակ առողջական ծածկույթը ենթադրում է, որ ծառայությունները լինեն ոչ միայն ֆինանսապես մատչելի, այլև ֆիզիկապես հասանելի: Մենք մարզերում խնդիրներ ունենք բժիշկներով ապահովվածության, ինչպես նաև մարզային առողջապահություն զարգացնելու և որակի հետ կապված։ Առողջապահության նախարարությունը ծրագրեր է իրականացնում նշված խնդիրները լուծելու համար»,- ընդգծեց փոխնախարարը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշեց, որ այս գաղափարի շուրջ համախմբվում է ամբողջ աշխարհը:

«Հայաստանում մենք տեսնում ենք շատ բացասական իրավիճակ, քանի որ երկրում քաղաքացու գրպանից առողջապահության համար ծախսվող գումարը գերազանցում է 80 տոկոսը: Միևնույն ժամանակ, հանրային, պետական ծախսերի տոկոսն առողջապահության ընդհանուր ծախսերի մեջ ամենացածրն է տարածաշրջանի այլ երկրների համեմատ:  Սա լուրջ խոչընդոտ է երկրի կայուն զարգացման համար»,- ասաց Շարփը:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևն էլ ասաց, որ Հայաստանում տարածաշրջանի երկրների համեմատ առողջության համար սեփական գրպանից վճարումները ծայրահեղ բարձր են, իսկ պետական ծախսերը՝ ցածր:

«Առողջությանը պետք է առաջնահերթություն տրվի երկրում, պետք է ավելացվեն պետական ծախսերը՝ բնակչության ֆինանսապես պաշտպանելու և առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելու համար»,- նշեց Զայցևը:

Մինչև 2030 թվականն այս նպատակին հասնելու համար առողջապահության ոլորտում աշխատող կազմակերպությունները պետք է միավորեն իրենց ջանքերն ու ռեսուրսները՝ բոլոր երկրներում ավելի ուժեղ, որակյալ և մատչելի համակարգեր ստեղծելու համար:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ