Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի մնջախաղի պետական թատրոնն իր սեփական շենքը կունենա. Մեկնարկել են շինարարական աշխատանքները

Երևանի մնջախաղի պետական թատրոնն իր սեփական շենքը կունենա. Մեկնարկել են 
շինարարական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գևորգ Քոչար 21 հասցեում` Դրամատիկական թատրոնի հարևանությամբ կգործի Երևանի մնջախաղի պետական թատրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ու թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Նրանք ազդարարեցին շինարարական աշխատանքների  մեկնարկը:

«Որոշել էինք չխոսել խնդրի կարգավորման մասին, քանի դեռ չեն մեկնարկել շինարարական աշխատանքները:  Հիմա բոլոր փաստաթղթերը կարգավորված են, հատկացումները հաստատված են, և մենք վստահաբար կարող ենք ասել, որ Երևանի մնջախաղի պետական թատրոնն ունենալու է իր հանգրվանը, ստեղծագործական օջախը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ թատրոնի կոլեկտիվին, թատերասեր հասարակությանն ու ոլորտի մասնագետներին»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ վարչական հատվածի շինարարական աշխատանքների կազմակերպման համար հատկացվել է 46 մլն դրամ, իսկ հաջորդ տարի տրամադրվելու է 166 մլն 373 հազար դրամ:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Այստեղ է Դրամատիկական թատրոնը, Մնջախաղի թատրոնը, մի քիչ այն կողմ Կամերային թատրոնն է, փոքր-ինչ ներքև` Խամաճիկների թատրոնը, իսկ եթե մի քիչ էլ գնանք` Տիկնիկային թատրոնը: Քաղաքի այս տարածքը դարձնում ենք մշակութային միջավայր: Վստահ եմ, որ լավ պայմանների դեպքում Մնջախաղի թատրոնը նոր նախագծերով, գեղարվեստական նոր խիզախումներով կներկայանա թատերասերներին»,-ընդգծեց Խզմալյանը:

Ժիրայր Դադասյանը խոստովանեց, որ հատկապես վերջին տարիներին իրեն անընդհատ հարցնում են արդյոք լուծվե՞ց թատրոնի շենքի հարցը: «Ես շատ կցանկանամ, որ ավելի շատ խոսվի մեր ստեղծագործական խնդիրների, հաջողությունների մասին: Այդ ամենը հետին պլան է մղվել, քանի որ առաջնային է շենքի հարցը»,-շեշտեց Դադասյանը:

Նա նշեց, որ սա այն բացառիկ նախագծերից է, որն իրականացվում է այսօր ու սկիզբ է առել նախկին իշխանությունների ժամանակ: «ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի կողմից էր այս տարածքը մեզ տրամադրվել, նախագիծ էր արվել հենց այն ժամանակ: Հիմա շարունակությունն է ունենում շինարարության տեսքով: Այս վայրում  երեք տարվա ընթացքում երրորդ մամուլի ասուլիսն է տեղի ունենում: Կցանկանամ` չորրորդ ասուլիսը լինի բացմանը, և մենք իսկապես կհանգստանանք ու լավ կգանք մեզ»,-եզրափակեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Երևանի մնջախաղի պետական թատրոնը ստեղծվել է 1974 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983-ին:

Չունենալով սեփական տարածք՝ թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]