Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Եվրանեսթ» ԽՎ-ի նիստում լռությամբ հարգել են Հայոց և մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակը

«Եվրանեսթ» ԽՎ-ի նիստում լռությամբ հարգել են Հայոց և մյուս ցեղասպանությունների 
զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի նիստի բացմանը հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանի առաջարկով բոլոր պատվիրակները, բացառությամբ Ադրբեջանի մեկ պատվիրակի, մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության, ինչպես նաև մյուս բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում պատվիրակության անդամների ասուլիսում հայտնեց Գայանե Աբրահամյանը:

«Բացման արարողությունը դեկտեմբերի 9-ին՝ ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման օրն էր, և առիթից օգտվելով խոսեցի նաև Հայոց ցեղասպանության մասին: Շեշտադրեցի, որ մենք հանձնառություն ունենք ոչ միայն բոլոր հնարավոր առիթներով հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերին, այլ նաև ամեն ինչ անել կանխարգելման ուղղությամբ: Եվ կոչ արեցի բոլոր ներկաներին հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Բոլորը ոտքի կանգնեցին՝ բացառությամբ ադրբեջանցի մեկ պատգամավորի: Ադրբեջանական պատվիրակության մյուս անդամները հասկանալով, որ դա բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի տուրք է, ոտքի կանգնեցին՝ բացի այդ մեկ պատգամավորից»,-ասաց Աբրահամյանը:

Պատգամավորը նշեց՝ թեև լիագումար նիստի բացման համար հայկական պատվիրակության անդամի ելույթի հնարավորության մասին իմացել են դրանից ընդամենը 15-20 րոպե առաջ, սակայն դա չի խանգարել, որ մեծ արագությամբ պատրաստված ելույթում կարողանան կատարել կարևոր շեշտադրումներ ու հիմնական ասելիքը տեղ հասցնել: Աբրահամյանի ելույթը ադրբեջանական պատվիրակության համար շոկային է եղել: Պատգամավորը բացման արարողությանն իր ելույթում խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից՝ շեշտադրելով, թե Հայաստանն ինչ հանձնառություններ, ինչ ակնկալիքներ ունի ԵՄ-ից և Արևելյան գործընկերության հարթակներից: «Շեշտադրել եմ, որ ԵՄ-ից մեր ակնկալիքն անվտանգության մասով աջակցությունն ու անվտանգության հարցերի շուրջ դիրքորոշումը, ինքնորոշման իրավունքի շուրջ աջակցությունը և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է»,-մանրամասնեց Աբրահամյանը:

Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքները կայացել են դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]