Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռուսաստան-Բելառուս. ինտեգրման խորացումը հետաձգվում է

Ռուսաստան-Բելառուս. ինտեգրման խորացումը հետաձգվում է

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Սոչիում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը, որի առանցքում եղել են երկու երկրների միջև ինտեգրման՝ «Միութենական պետություն» ձևաչափի խորացման ճանապարհային քարտեզները։ Պուտին-Լուկաշենկո հանդիպմանը նախորդել են երկու երկրների վարչապետների՝ Մեդվեդևի և Ռումասի բանակցությունները (դեկտեմբերի 6-ին, Սոչիում), որոնց հիմնական նպատակը Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը նախապատրաստելն ու վիճելի հարցերի վերաբերյալ համաձայնության հասնելն էր։

Մոսկվայի և Մինսկի միջև երկկողմ օրակարգի արդիական հարցերը սկսել են ակտիվորեն քննարկվել դեռ 2018թ․ դեկտեմբերից, երբ հայտարարվեց «Միութենական պետության» շրջանակներում երկու երկրների միջև ինտեգրման խորացման անհրաժեշտության մասին։

Դա տեղի ունեցավ Ռուսաստանում նավթային ոլորտում հարկային փոփոխություններից («нефтяной манёвр») հետո, որոնց արդյունքում նավթի գինը Բելառուսի համար բարձրացավ՝ դառնալով զգալի տնտեսական կորուստների պատճառ։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ նախագահները դեկտեմբերի 7-ի հանդիպման ժամանակ արդեն կամփոփեին բանակցությունները և կստորագրեին ինտեգրման խորացման վերաբերյալ փաստաթղթերը՝ «Միութենական պետության» 20-ամյակին ընդառաջ (դեկտեմբերի 8)։ Սակայն, չնայած լավատեսական կանխատեսումներին, Մոսկվան և Մինսկը չկարողացան հասնել մոտեցումների լիարժեք համաձայնեցման: Կողմերը դեռևս հակասություններ ունեն ինտեգրման 8 ճանապարհային քարտեզների (23-ը համաձայնեցված են) հետ կապված:

Պետք է ընդգծել, որ «Միութենական պետության» շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը և դրանց համապատասխանեցումը տնտեսական հարաբերությունների առկա մակարդակին կարևորվում են հատկապես Ռուսաստանի կողմից։ Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա վերջինիս համար այդքան էլ գրավիչ չէ ինտեգրման սերտացումը․ Մինսկը երկկողմ տնտեսական խնդիրների կարգավորման համատեքստում Մոսկվայից պահանջում է հավելյալ արտոնություններ։

Հատկանշական է, որ բանակցությունների և ճանապարհային քարտեզների բովանդակության վերաբերյալ տեղեկատվությունը փակ է, փաստաթղթերից որևէ մեկը հրապարակված չէ։ Այս հանգամանքը Բելառուսում որոշ մտահոգությունների առիթ է դարձել։ Որոշ շրջանակներում կա մտավախություն, որ բանակցվող փաստաթղթերը կարող են ենթադրել ոչ համարժեք զիջումներ։ Սրանով էր հիմնականում պայմանավորված դեկտեմբերի 7-ին և 8-ին Մինսկում ինտեգրման խորացման դեմ բողոքի ակցիայի անցկացումը, որն իր ծավալներով մեծ չէր (ըստ տարբեր աղբյուրների՝ 700-1000 մարդ): Արդեն իսկ մեկ տարի ընթացող բավական բարդ բանակցությունների համատեքստում Բելառուսը նաև փորձում է օգտագործել տարբեր գործիքներ՝ իր դիրքերն ամրապնդելու համար, օրինակ՝ Եվրոպայի հետ հարաբերությունների «ապասառեցում», ԵՄ-ի հետ համապարփակ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին բարձրաձայնում և այլն։

Նախագահներ Պուտինի և Լուկաշենկոյի հաջորդ հանդիպումը նախատեսվում է դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, սակայն անհրաժեշտության դեպքում նախագահները կարող են լրացուցիչ հանդիպում ունենալ։ Հիմնվելով առկա տեղեկատվության վրա՝ բավական դժվար է ասել, որ փաստաթղթերի փաթեթի վերջնական տարբերակը հնարավոր կլինի համաձայնեցնել մինչև դեկտեմբերի 20-ը, այնուամենայնիվ, կողմերը փորձում են այս տարի ավարտին հասցնել փաթեթի ստորագրումը։

Եթե Մինսկ-Մոսկվա բանակցությունները ձգձգվեն և կողմերի միջև նկատվի որոշակի լարվածություն, հնարավոր է՝ դա ազդեցություն ունենա նաև բազմակողմ ձևաչափերում աշխատանքի արդյունավետության վրա, ինչպես ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում կամ ԱՊՀ-ում, որոնց անդամակցում է նաև Հայաստանը։

 

Վարդուհի Հարությունյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]