Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հեքիաթային քաղաք, ամանորյա տոնավաճառ, տոնական համերգ. Ամանորը Երևանում

Հեքիաթային քաղաք, ամանորյա տոնավաճառ, տոնական համերգ. Ամանորը Երևանում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Ամանորը կանցնի մի շարք միջոցառումներով և համերգային ծրագրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

«Հանրապետության հրապարակում՝ շատրվանների տարածքում կառուցվում է հետաքրքիր դեկորներով և ժամանակակից լուծումներով հեքիաթային քաղաք: Ամանորի օրերին՝ մինչև հունվարի 13-ը, Երևանի քաղաքապետարանը պատվիրել է վերգետնյա անցում, որպեսզի քաղաքացիները կարողանան հեշտությամբ գնալ դեպի տոնածառ: Այս քայլով կապահովվի բնակիչների անվտանգությունը, և չի խաթարվի երթևեկությունը»,- նշեց Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ միջոցառումներ լինելու են նաև Երևանի 2750-ամյակի այգում, որտեղ տեղադրվելու են տաղավարներ, և լինելու է Ամանորին ու Սուրբ ծննդին նվիրված տոնավաճառ:

«Տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, սակայն դրանից առաջ լինելու է հայկական մոտիվներով, համաշխարհային ամանորյա հիթերի գործիքավորմամբ մյուզիքլ: Կարծում եմ, որ այս ձևաչափը կլինի շատ հետաքրքիր, և մեր քաղաքացիներն ու Երևանի հյուրերը կկարողանան հայ էստրադայի աստղերին տեսնել ոչ միայն երգչի կերպարում, այլև որպես մյուզիքլի դերասան»,- ասաց փոխքաղաքապետը:

Վիրաբյանը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 31-ին համերգային ծրագիրը սկսվելու է 22:00-ից, երգելու են հայտնի բոսնիացի երգիչ, երգահան Գորան Բրեգովիչը, Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը և այլ հայ արտիստներ:

«Այդ օրը կլինի հատուկ «Երևան-2020» ամանորյա ծրագրերի համար գրված Գարիկի և Սոնայի երգի պրեմիերան: Համերգային ծրագիրը տևելու է մինչև 23:45, ինչից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով կհղի ամանորյա իր ուղերձը: 00:00-ից սկսած իր նվագախմբի հետ ելույթ կունենա Գորան Բրեգովիչը»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը և հավելեց, որ համերգային ծրագիրը տևելու է մինչև լուսաբաց:

Տիգրան Վիրաբյանը նաև հայտնեց, որ դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Գորան Բրեգովիչի և նրա 10-հոգիանոց խմբի համերգի համար նրան վճարվելու է 65 հազար եվրո հոնորար։  

Անդրադառնալով Ամանորի ծախսերին՝ Վիրաբյանը նշեց, որ վերջին 2 տարում Երևանի բյուջեից ամանորյա ծախսերին հատկացումը չի ավելացել. 2017 թվականին Երևանի ամանորյա ծախսերի բյուջեն կազմել է 199 միլիոն 46 հազար դրամ, 2018-ին՝ 167 միլիոն 860 հազար դրամ, իսկ 2019-ին` 158 միլիոն 512 հազար դրամ, 2020 թվականին Երևանի քաղաքապետարանը միջոցառումների համար հատկացնելու է 54 մլն դրամ: Փոխարենը կառավարությունն է որոշել 271 միլիոն 797 հազար դրամ տրամադրել այդ միջոցառումների կազմակերպմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն դեկտեմբերի 11-ին պարզաբանել է, թե ինչու է կառավարությունը նման հատկացում արել:

Միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն:

Միջոցառումները շարունակվելու են մինչև 2020 թվականի հունվարի 13-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]