Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

«1+1» դպրոցական թերթի հրատարակումը կշարունակվի, կձեռնարկվի ներդրումային նոր ծրագիր

«1+1» դպրոցական թերթի հրատարակումը կշարունակվի, կձեռնարկվի ներդրումային 
նոր ծրագիր

ԳԱՎԱՌ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ծնունդով գեղարքունիքցի, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող գործարար Մարտին Թովմասյանին՝ նրա հետ քննարկելով դեռեւս մեկ տարի առաջ մեկնարկած համագործակցության շարունակման հետ կապված հարցեր: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ինչպես ներկայացրեց գործարար, «1+1» դպրոցական թերթի հիմնադիր եւ հովանավոր Մարտին Թովմասյանը, համագործակցության առաջին քայլը եղել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում աշակերտական թերթ հրատարակելու ծրագիրը, որը հաջողությամբ կյանքի է կոչվել Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Գեղամա աշխարհ» թերթի կողմից ցուցաբերված աջակցությամբ: «Արդեն լույս է տեսել դպրոցական թերթի 9 համար, որտեղ հիմնականում հրատարակվել են մեր դպրոցականների հոդվածները, հարցազրույցները, ակնարկները: Թերթի հիմնական խնդիրը եղել է աշակերտների մեջ ստեղծագործական ձիրքերի եւ վերլուծական մտքի զարգացումը, գրագետ խոսքի ձեւավորումն ու ամրապնդումը, կրթամշակութային զանազան հարցերի արծարծումը, ազգային ու հոգեւոր արժեքների հանրահռչակումը:Համագործակցությունը տվել է սպասված արդյունքները, իսկ այժմ ծրագրել ենք ավելի ընդարձակել դպրոցական թերթի աշխարհագրությունը՝ դուրս գալով մեկ դպրոցի շրջանակից ու տարածվել Գեղարքունիքի մարզի դպրոցներով մեկ:Ընդարձակելու ենք նաեւ թեմատիկ ուղղությունները՝ շեշտը դնելով պատմական, գրական, գիտական ու այլ թեմաների շուրջ ծավալվող բանավեճերին: Ձեր աջակցությամբ ցանկանում ենք ստեղծել «Մարզի Լավագույն երիտասարդ ուսուցիչ» մրցութային կարգ, որպեսզի ի հայտ բերենք ու խրախուսենք լավագույն երիտասարդ ուսուցչին՝ մյուս երիտասարդներին եւս ոգեւորելու ակնկալիքով: Մենք կշարունակենք հովանավորել թերթի հրատարակումը եւ լավագույն ճանաչված երիտասարդ ուսուցչի մրցանակային պարգեւատրումը»,-ներկայացրեց Մարտին Թովմասյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանը եւս իր գոհունակությունը հայտնեց սկսված համագործակցությունից՝ բարձր գնահատելով դպրոցական թերթի եւ լրագրական խմբակի գործունեությունը, շեշտելով, որ Հայաստանում այն առայժմ միակն է ու չունի իր նախադեպը: «Նման գաղափարները միայն եւ միայն նպաստում են դպրոցական կյանքի զարգացմանը, կրթության որակի բարձրացմանը, ազգային ու համամարդկային գաղափարների տարածմանն ու ուսուցմանը, հանրային կյանքում դպրոցականների ակտիվ ներգրավմանը, վաղվա գիտակից քաղաքացու ձեւավորմանը, եւ մենք անվերապահորեն աջակցելու ենք ձեր կողմից առաջ քաշված գաղափարներին ու ձեռնարկներին»,-նշեց Գնել Սանոսյանը:
Ապա` Մարտին Թովմասյանը Գեղարքունիքի մարզպետի ուշադրությունը հրավիրեց 1+1 նորաստեղծ կազմակերպության կողմից կազմված ներդրումային նախագծին, որով նախատեսվում է Գեղարքունիք գյուղի վարչական տարածքին մոտիկ կառուցել զբոսաշրջային պատմական գյուղ՝ պատմահնագիտական տուրիզմին զուգահեռ զարգացնելով նաեւ զբոսաշրջային մյուս ուղղությունները: Ներդրումային ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար: «Մեր միջոցներով կառուցվելու է 20 գյուղական տուն, որոնցից ամեն մեկը լինելու է իր դարի ոճին համապատասխան, որպեսզի զբոսաշրջիկները հստակ պատկերացում կազմեն, թե Սեւանի ավազանում ինչ կենցաղով, ինչ տեսակ տներում են ապրել մարդիկ վերջին 20 դարերի ընթացքում: Ճանապարհները լինելու ենք միայն քարերով սալարկված: Կան նաեւ այլ հետաքրքիր մտահղացումներ: Ձեզանից ակնկալում ենք աջակցություն հողհատկացման եւ այլ կարգի հարցերում»,-ներկայացրեց գործարարը: Մարզպետը, ողջունելով պատմական զբոսաշրջային գյուղ հիմնելու գաղափարը, հավաստիացրեց, որ ծրագրի իրականացման համար մարզպետարանը կցուցաբերի պահանջվող ու բավարար աջակցություն:

Խոսրով Խլղաթյան




youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ