Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

ՄԱԿ-ում հնչեց Կոմիտասի երաժշտությունն ու բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը

ՄԱԿ-ում հնչեց Կոմիտասի երաժշտությունն ու բարձրացվեց Հայոց ցեղասպանության 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, Հայաստանի առաքելության կողմից նախաձեռնված ցեղասպանությունների կանխարգելմանը եւ կրթությանը նվիրված համաժողովը սկսվեց Կոմիտասի երաժշտությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծել է, որ հայ ազգը Ցեղասպանության սարսափների միջով է անցել 20-րդ դարի սկզբում, ուստի, Հայաստանն ունի հատուկ պարտավորություն միավորելու ցեղասպանության հանցանքի կանխման ջանքերը: Նրա խոսքով, ցեղասպանության իրականացմանը նախորդում են իրադարձություններ, որոնք ընթացքում երկրի խոցելի խմբերի իրավունքներն ու հիմնարար ազատությունները ճնշման են ենթարկվում:

Համաժողովը վարող Պատասխանատվության եւ պաշտպանության գլոբալ կենտրոնի տնօրեն Սայմոն Ադամսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության օրինակին, հիշեցնելով, որ չորս ամիս անց լրանալու է 105-րդ տարելիցը, երբ «1915-ի ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեցին հայերի թիրախավորված սպանությունները»:

«Այս գործողությունների արդյունքում ոչնչացվեց ավելի քան մեկ եւ կես միլիոն կյանք: Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Ռուսաստանը 1915-ի մայիսին մեղադրեցին Օսմանյան Կայսրությանը մարդկության դեմ հանցանք գործելու մեջ՝ դա առաջին անգամն էր, որ այդ եզրն օգտագործվեց՝ որպես դաժանությունների ծավալը բնութագրելու փորձ»,-նշել է նա: Գիտնականների, հոգեբանների խոսքով, ցեղասպանության ժխտումը ոչ միայն անարգանք է ցեղասպանության զոհերի նկատմամբ, այլեւ ճանապարհ է բացում հաջորդ ցեղասպանության համար:

«Երբ իմ ուսանողները կարդում են Ռոն Սունիի ստեղծագործությունները, նրանք իրոք սարսափած են մնում, ցնցված, զարմացած բռնությունների մակարդակով, որոնց միջով անցավ Օսմանյան Կայսրության հայ համայնքը եւ նրանք բացատրություն են պահանջում», - նշել է Նյու Յորքի քոլեջի պատմության դասախոս Էրիք Ուայթսը:

Համաժողովին ներկա ՄԱԿ-ում Թուրքիայի առաքելության աշխատակիցն, այս ամենը լսելով, ձայնի իրավունք խնդրեց՝ հայտարարելով, որ Առաջին աշխարհամարտի վերջին տարիները Օսմանյան Կայսրության համար բարդ շրջան էին, որի ընթացքում տառապել են կայսրության բոլոր քաղաքացիները:

Ի պատասխան նրա խոսքին՝ ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության ղեկավար Հենրի Թերյելն ընդգծել է, որ այսօր, հաշվի առնելով բոլոր հետազոտությունները Հայոց ցեղասպանության հերքման նույնիսկ քննարկումն անիմաստ է:

«Վերջին 50 տարվա ընթացքում ես չէի լսել Հայոց ցեղասպանության այսպիսի ուղղակի հերքում: Շնորհակալություն այն պատկերավոր կերպով ի ցույց դնելու համար: Սակայն խորհուրդ կտայի թարմացնել ձեր գրականությունը, քանի որ այն շուրջ 30 տարով հնացած է: Ձեր կողմից բերված փաստարկները բազմիցս եւ վաղուց հերքվել են, այնպես որ կոչ կանեի փոքր-ինչ աշխատանք կատարել, որպեսզի ձեր ասածը բովանդակություն ունենա: Ասեմ նաեւ՝ Թուրքիայում բազմաթիվ մարդիկ, կիրթ, ինտելեկտուալներ լիարժեք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց ի հակառակ ձեր հայտարարությանը, նրանցից շատերն անազատության մեջ են հիմա կամ նախկինում եղել են անազատության մեջ հենց այն ճանաչելու համար»,-հավելել է Հենրի Թերյելը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ