Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցն ԱՄՆ

Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցն ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Լոս Անջելեսում նա մասնակցել է Հայ-ամերիկյան թանգարանի գալա-երեկույթին, եղել է գլխավոր բանախոսներից մեկը:

Իր ելույթում Գլխավոր հանձնակատարը նշել է, որ քաջ ծանոթ է Հայ-ամերիկյան թանգարանի անցած ուղուն, որի մասնակիցն է եղել նաև ինքը: «Կարծես երեկ էր, երբ առաջին անգամ հանդիպեցի թանգարանի նորաստեղծ հանձնաժողովի հետ, քննարկեցինք թանգարանի տեսլականը, խորհուրդն ու անհրաժեշտությունը: Այսօր Ամերիկայի հայ համայնքն ավելի քան երբևէ մոտ է թանգարանի ստեղծմանը, թանգարան, որն ամերիկյան հանրությանը կներկայացնի Միացյալ Նահանգներում հայերի պատմությունը, հայ համայնքի հսկայական ներդրումը երկրի կյանքում, մշակույթի, գիտության և այլ բնագավառներում: Այսօր հայ ժողովուրդն իր անբաժանելի երկու բաղկացուցիչ մասերով առաջ է շարժվում ավելի վստահորեն, քան երբևէ մեր ժամանակակից պատմության ընթացքում: Ունենալ հզոր Հայաստան նշանակում է ունենալ հզոր սփյուռք»,-ընդգծել է Զարեհ Սինանյանը: Հանձնակատարը շեշտել է, որ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին զուգահեռ՝ սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է ուծացման ու տարրալուծման գործընթացը,  և հաջորդ տարիները և՛ Հայաստանից, և՛ սփյուռքից պահանջելու են ուժերի լարում և համատեղ գործողությունների ծրագրի իրականացում, որպեսզի դանդաղեցվի և կասեցվի ձուլման գործընթացը:

«Սակայն ամեն ինչ գորշ և բացասական չէ, տեղ-տեղ այս մտահոգիչ պատկերն ընդհատվում է հույսի և հայապահպանման բացառիկ դրսևորումներով: Դրանցից մեկը, թերևս, այս տարի Գլենդելում Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնադրումն է: Թանգարանը ոչ միայն  հայոց պատմության մատուցման մեկ հարթակ է, այլ նաև կրթական կենտրոն, որը կարևոր դեր է կատարելու հայապահպանման գործում: Ցանկացած քայլ, որը միտված է սփյուռքի ամրապնդմանը, նաև ամրապնդում է Հայաստանը»,-հավելել է Գլխավոր հանձնակատարը և ուրախություն հայտնել, որ այս թանգարանով հայությունը ևս մեկ անգամ երկարատև դրոշմ կթողնի ամերիկյան մշակույթի վրա: 

Ելույթի ավարտին Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի բոլոր բարերարներին, Կալիֆոռնիայի նահանգապետ Գավըն Նյուսըմին և սենատոր Էնթոնի Պորտանտինոյին այն հսկայական դերի համար, որ նրանք ունեն թանգարանի ստեղծման մեջ:

Տարեկան ամփոփիչ միջոցառմանը ներկա էին հայ համայնքի անդամներ, քաղաքային և նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ և այլք:

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ