Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճկունություն համալսարաններին. փորձագետը՝ բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքի մասին

Ճկունություն համալսարաններին. փորձագետը՝ բարձրագույն կրթության և գիտության 
նոր օրենքի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը դրական քայլ է բարձրագույն կրթության համակարգում փոփոխություններ իրականացնելու տեսանկյունից:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության ղեկավար, «Էրազմուս +» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինա Ծատուրյանը, բարձրագույն կրթության համակարգում փոփոխությունների կարիք վաղուց կար:

«Համալսարանները չէին կարողանում բովանդակային փոփոխություններ անել, քանի որ նախարարության կողմից շատ կարգավորումներ կային, որոնք թույլ չէին տալիս ճկունություն ցուցաբերել: Հայաստանը եվրոպական բարձրագույն կրթության տարածքի մի մաս է, և մենք կրթական համակարգերի ներդաշնակեցման խնդիր ունեինք,  սակայն նորից այդ կարգավորումների պատճառով հնարավոր չէր անել: Մասնավորապես, կրթական ծրագրերի կառուցվածքների ճկունություն, շարժունության պատուհանների թույլտվություն, ինչպես նաև եվրոպական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի ամբողջական ներդրում և այլ հարցեր»,-ասաց Քրիստինա Ծատուրյանը:

Փորձագետը նշեց, որ կրեդիտային համակարգը ներդրվել է, սակայն կուտակման և փոխանցման գործառույթն իրականում չի իրականացվում: Ուսանողը արտերկրում սովորում է, կուտակում կրեդիտներ, բերում է այստեղ, սակայն դրանք կամ մասնակի են փոխանցվում, կամ ընդհանրապես չեն փոխանցվում: Քրիստինա Ծատուրյանը նշեց, որ կրեդիտների փոխանցումը Հայաստանի ներսում համալսարանների միջև չի գործում: Ստացվում է, որ կրեդիտային համակարգը որպես չափման միավոր ներդրված է, սակայն որպես շարժունություն ապահովող գործառույթ չկա կամ մասամբ կա:

«Նոր հնարավորությունները, ճկունության ապահովումը կնպաստեն կրթական ծրագրերի միջազգայնացմանը: Ըստ էության, միջազգայնացումն օտարերկրյա քաղաքացիների մասնակցությունն է մեր ուսումնական պրոցեսներին: Նախորդ օրենքում, ըստ էության հնարավորություն չկար կրթական ծրագիրն օտար լեզվով կազմակերպելու: Կազմակերպվում էին, սակայն առանձին էր օտարերկրյա ուսանողների համար: ՀՀ քաղաքացիները չէին մասնակցում նույն պրոցեսին: Ստացվում էր՝ օտարերկրացիներն առանձին էին, Հայաստանի ուսանողները՝ առանձին: Դա միջազգայնացում չէ: Պրոցեսի միջազգայնացմամբ հնարավորություն է տրվում ուսումնական գործընթացում շփվել, մտքեր փոխանակել՝ զարգացնելով միջմշակութային հաղորդակցության հմտությունները: Նոր օրենքը թույլ է տալիս որոշակի փուլից սկսած առանձին մոդուլների մակարդակում դասընթացները կազմակերպել օտար լեզվով: Դա էլ իր հերթին թույլ կտա ապահովել համալսարանների, կրթական ծրագրերի միջազգայնացումը՝ թույլ տալով այնպիսի պատուհաններ, որ օտար երկրից գան Հայաստան սովորեն ընդհանուր լսարաններում, ոչ թե առանձնացված խմբով»,-ասաց Քրիստինա Ծատուրյանը:

Փորձագետը կարևորեց այն, որ նոր օրենքով, ըստ էության, կրթության բովանդակությունը բուհերը կարող են որոշել: Դրանից բացի, շեշտադրումներ են արված նորարարության, հետազոտական արդյունքների առևտրայնացման հետ կապված: Դրանք բուհերի համար ուղենիշ կլինեն վերաիմաստավորելու կրթական գործընթացը: Նոր օրենքով ավելի կարևորված է հետազոտություն, գիտություն, կրթություն, նորարարություն կապերը:

«Համալսարաններն ավելի շատ դիտարկվում են որպես դասավանդող, կրթություն տրամադրող, բայց ոչ հետազոտական առաքելություն ունեցող: Իհարկե, հետազոտություններ արվում են, բայց եթե մենք նայենք համալսարանների բյուջեները, ապա կտեսնենք, որ հետազոտությանը կամ տեղ հատկացված չէ, կամ բավական քիչ գումար է»,-փորձագետն՝ ընդգծելով, որ համալսարանները պետք է սկսեն դիտարկել, թե ինչպես են զարգացնելու հետազոտական ներուժը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]