Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Ապրիլ

Վարչապետը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» համաժողովին

Վարչապետը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման 
նպատակների» համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր և 2003 թվականից նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։  

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելուց շատ չանցած, նույնիսկ մի քանի օր անց, ես հայտարարեցի, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Ես ուզում եմ այսօր վերահաստատել դա և պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ համակարգային կոռուպցիա ասելով: Իմ պատկերացմամբ՝ համակարգային կոռուպցիան այն է, երբ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող յուրաքանչյուր հասույթ, գումար որոշակի չափաբաժիններով հոսում է դեպի վերև և հասնում է մինչև ամենավերևները: Ուրախ եմ և հպարտ՝ արձանագրելու համար, որ, այո՛, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Սա չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունում չկան կոռուպցիոն երևույթներ, բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական կամք արմատախիլ անելու կոռուպցիան՝ ոչ թե ուղղակի պայքարելու, այլ արմատախիլ անելու:

Ձեր թույլտվությամբ ուզում եմ մի քանի մտքերով, մտահոգություններով և փաստերով կիսվել: Վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում մենք մի քանի անգամ անդրադարձ ենք ունեցել կոռուպցիոն թեմաներին և արձանագրել ենք, որ նույնիսկ մեր ամենամերձավոր թիմի անդամները և նույնիսկ մեր ամենամերձավոր քաղաքական ընկերները չեն ունենալու որևէ ներում և բեկում կոռուպցիայի մեջ ներքաշվելու և ներգրավվելու պարագայում: Սա առաջին կարևոր արձանագրումն է:

Բայց երկրորդ արձանագրումը, որ մենք արել ենք և անում ենք, հետևյալն է, ինչպես ինքս էլ մի քանի անգամ հայտարարել եմ, կոռուպցիան այսպիսի սարսափելի դեմքով, պոզով, պոչով կենդանի չէ: Երբեմն այն ունի բավական գրավիչ, հաճելի և նույնիսկ գայթակղող տեսք և արտաքին, և այս առումով խնդիրն ավելի է բարդանում: Մենք արձանագրել ենք քաղաքական ամենաբարձր մակարդակում, որ ուղղակի կոռուպցիայի՝ մեզ հայտնի և ակնհայտ ձևերի նկատմամբ, այսպես ասած, արգելքներ սահմանելը չի նշանակում երաշխավորված լինել կոռուպցիայի մեջ ներքաշվելուց»:

Կառավարության ղեկավարը նկատել է՝ երբեմն կոռուպցիան կառուցվում է, այսպես ասած, գեղեցիկ նախադասությունների ներքո և տեղեկատվության բացակայությունից օգտվելու շնորհիվ, և դրա արձանագրումն արվել է վերջերս՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ: «Մենք արձանագրեցինք, որ պետական կառավարման համակարգում կան որոշակի, այսպես ասած, տարօրինակ ինստիտուտներ. դրանք են՝ «մենք ձեզ այդ մասին տեղյակ էինք պահել», կամ «մենք ձեզ այդ մասին ասել էինք». կամ «մենք ձեզ զեկուցել էինք»: Օրինակ՝ կարող է լինել դեպք, երբ այստեղ գալիս, բնականաբար, աշխատասենյակից պետք է իջնել, քայլել կամ մեքենայով գալ, այդ ընթացքում կարող է ինչ-ոչ մեկը մոտենալ և հընթացս շշուկով ինչ-որ բան ասել, որի ողջ իմաստը նույնիսկ հնարավոր չէ այդ ընթացքում  հասկանալ: Եվ հետո կարող է ծագել մի իրավիճակ, երբ դու զարմանք արտահայտես, թե ինչպես է այդ իրավիճակն ստեղծվել և պատասխանը կլինի՝ «ես ձեզ ասել էի դրա մասին», կամ «մենք ձեզ տեղյակ էինք պահել դրա մասին», - նշել է վարչապետը և որպես օրինակ՝ անդրադարձել պետական կառավարման ինստիտուտներին ավելի մատչելի և որակյալ ապրանք մատակարարման հարցին: «Եթե որևէ մեկն ասի, որ մենք ուզում ենք պետական կառավարման համակարգին մատակարարել շատ ավելի էժան և շատ ավելի որակյալ ապրանք, ո՞վ կասի՝ ոչ, մի մատակարարեք շատ ավելի էժան և շատ ավելի որակյալ ապրանք: Բայց հետո մրցութային գործընթացներում կարող են տեղի ունենալ որոշակի պրոցեսներ, որոնք զարմանք կհարուցեն և կարող են հետագայում վերադառնալ այդ նախադասության ձևով՝ «մենք ձեզ այդ մասին ասել էինք»: Այսպիսի դեպքերի էլի եմ առնչվել, երբ ասում են, օրինակ, ուզում ենք այսինչ գյուղում կամ քաղաքում կառուցել դպրոց՝ որպես մեր կողմից նվեր պետությանը: Ո՞վ կարող է ասել, որ որևէ մեկն ուզում է պետությանը նվիրել որևէ բան, և ասենք՝ ոչ, այդ քաղաքին ոչինչ պետք չէ նվիրել: Բայց հետո կարող է պարզվել, որ այդ նվիրատվության համատեքստում տարբեր կոռուպցիոն պահանջներ են դրվում տարբեր գործարարների կամ պետական օղակների առաջ, և ձևակերպումը հետևյալն է, որ, ասենք, կառավարությունոմ տեղյակ են, կառավարությունում գիտեն և այսպես շարունակ: Նկատի ունեմ, ընդհանուր առմամբ, երբեմն կոռուպցիոն համատեքստում շատ հետաքրքիր երևույթներ կարելի է հանդիպել Հայաստանի Հանրապետությունում և, ընդհանրապես, համոզված եմ՝ նաև բազմաթիվ այլ երկրներում:

Ես, օրինակ, վերջերս արձանագրել եմ, որ վարչապետին բարևելը կոռուպցիոն իմաստով ազատ փոխարկելի արժույթ է: Օրինակ, կարելի է վարչապետին բարևել և հաջորդ քայլով շտապել, այսպես ասած, տարադրամի փոխանակման շուկա և հնարավորինս արագ այդ բարևը կանխիկացնել: Օրինակ, վարչապետի հետ հանդիպելն ազատ փոխարկելի արժույթ է, որը, բնականաբար, կարելի է օգտագործել բոլոր ոլորտներում, ներառյալ նաև կոռուպցիոն ոլորտներում: Սա է պատճառը, սիրելի հայրենակիցներ, երբ նկատեք, որ ես բարևների և ընդունելությունների առումով ժուժկալ եմ դարձել, չմտածեք՝ մեծամտացել եմ: Պարզապես այս գործունեության 1.5 տարվա ընթացքում ես հասկացել եմ, որ նույնիսկ բարևի և ընդունելությունների մեջ պետք է շատ զգույշ լինել՝ նախ համոզվել, որ այդ ազատ փոխարկելի արժույթն ինչպես, որտեղ և ինչ նպատակներով է կանխիկացվելու: Այս ամենն ասում եմ՝ ցույց տալու համար, որ, այո՛, որևէ կասկած չկա, որ մեր կառավարությունը և ես անձամբ, քաղաքական կամքը նույնիսկ շատ թույլ է հնչում այս տրամաբանության մեջ, որովհետև քաղաքական կամքը կարգախոս է, որը շատ բան չի ասում: Թույլ տվեք ասել, որ ես ինձ համարում եմ կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ, մարդ, անհատ և, իհարկե, այս ամեն ինչը ներկայացնում էի՝ ցույց տալու համար, որ պետք է միշտ հաշվի առնել, որ նույնիսկ գենետիկ մուտացիաների հնարավորություն տեսականորեն կարող է լինել, և կարող են լինել համակարգեր, որոնք անընդհատ ուզում են քեզ ներքաշել այդ գենետիկ մուտացիոն երևույթների հետ, ինչը, սակայն, համոզված եմ՝ բոլորդ գիտեք, որ տեղի չի ունենա»:

Խոսելով հաջորդ կարևոր քաղաքական արձանագրման մասին՝ վարչապետը նշել է. «Երբ մենք ասում ենք պայքար կոռուպցիայի դեմ, քաղաքական իմաստով դա ընկալվում է որպես, այսպես ասած, պայքար նախորդ կոռումպացված իշխանությունների նկատմամբ: Ես շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մեզ համար չկա նախորդ, ներկա իշխանություն, որովհետև մեզ համար կրկնակի անընդունելի է գործող, այսօր, օրինակ, իմ կողմից որևէ պաշտոնի նշանակված անձի կողմից կոռուպցիայի մեջ ներքաշվելը, քան նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից: Հույս ունեմ, որ դա տեսանելի է բոլորին, որովհետև վերջին 1.5 տարվա ընթացքում 4 բարձրաստիճան պաշտոնյաների, գուցե ավելին է այդ թիվը, առնվազն 4 բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, և այս պրոցեսը շարունակվելու է: Ուղղակի բացառված է, որ մենք որևէ կոմպրոմիս ունենանք կոռուպցիայի հետ, և Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան պետք է արմատախիլ արվի ամբողջապես:

Վերջերս նախորդ շրջանում շատ քննարկվեց, մասնավորապես իմ այն որոշումը, որով ես նախարարների և փոխնախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրման ֆոնդերով սահմանել էի և սահմանել եմ բավական բարձր վճարում՝ պայմանականորեն աշխատավարձ, աշխատավարձ-պարգևատրում, որը հայաստանյան չափանիշներով բավական բարձր է, և մեկնաբանությունն իրականում եղավ այն, որ սա նաև պայքար է կոռուպցիայի դեմ կամ կոռուպցիայի կանխարգելման նպատակ ունի: Իրականում, բովանդակային առումով թերևս դա սխալ չէ, բայց ուզում եմ ավելի հստակեցնել՝ ներողություն խնդրելով մեր կառավարության բոլոր անդամներից և բոլոր այն պաշտոնյաներից, ում այս որոշումը վերաբերել է: Պարզապես ես այս ձևակերպումն ուզում եմ անել, որպեսզի դրդապատճառները մեր հանրությանը և ներկաներին ավելի պարզ լինեն: Այդ աշխատավարձերի բարձրացումն արվել է ոչ թե կոռուպցիան կանխարգելելու իմաստով, որովհետև կոռուպցիոները 1.5 միլիոն դրամով, ինչպես նաև մեր փորձը ցույց է տալիս, չի բավարարվելու: Դա արվել է բոլորովին ուրիշ իմաստով: Երբ հնարավոր այդպիսի մարդկանց, կոռուպցիոն գործերի մեջ ներքաշված լինելու համար, մենք ձերբակալենք, կալանավորենք և դատապարտենք, այդ ժամանակ խղճի խայթ չունենանք ընդհանրապես, չասենք, որ մենք այդ մարդուն այնքան քիչ ենք վճարել, որ նրան ուրիշ տարբերակ չենք թողել, քան գնալ, գործարքներ փնտրել: Իհարկե, սա չի կարող արդարացում լինել, բայց, կարծում եմ, կոռուպցիայի դեմ պայքարի առումով շատ կարևոր բաղադրիչ է բարոյահոգեբանական առումով: Ես կրկին ուզում եմ ասել, որ այդ որոշումն արդարացված եմ համարում հենց այս տրամաբանությամբ, որ մենք խղճի խայթ չունենանք, մեղավորության զգացում չունենանք բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կներքաշվեն կոռուպցիոն գործերի մեջ և առաջ կգա դրա համար օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելը:

Եվս երկու շեշտադրում եմ ուզում անել՝ վերջին իրադարձությունների հետ կապված: Դուք տեղյակ եք, որ օրեր առաջ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին, ըստ էության, կոռուպցիոն մի գործով: Ինձ զարմացրեցին, ճիշտն ասած, դրա հետ կապված որոշ արձագանքներ, որ ասում են՝ այս ինչ զավեշտ է, Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել: Ես հասկանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որ կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են, ասենք, համերգ հեռուստադիտողների հայտերով, երբ ասվում է՝ կամ կառավարության, կամ վարչապետի հայտով խնդրում եմ մեկ քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ 400 միլիոն դրամի սահմաններում: Այս տրամանաբությամբ հետևում է հաջորդ հարցը՝ ինչո՞ւ ես պատվիրել 400 միլիոն դրամանոց և ոչ թե, ասենք, 4 միլիարդ դրամանոց գործ: Իմիջիայլոց, կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի այս ընկալումն, իմ կարծիքով, մեկը մյուսի շարունակությունն է, այսինքն՝ ըստ էության, գործ ունենք նույն ծագման հետ՝ ինչպե՞ս է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարը, և ինչպե՞ս է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը»:

Իր ելույթում կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև մի քանի օր առաջ Ազգային ժողովում ունեցած ելույթում հնչեցրած այն հայտարարությանը, որ վարչապետը պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի գողանում: Վարչապետի խոսքով՝ այդ հայտարարությունը կիսատության որոշակի տարր ունի, և այն պետք է ամբողջացնել այն մտքով, որ ՀՀ պետական միջոցները դեռևս 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում, ներառյալ վարչապետի գործունեությանն առնչվող ծախսերը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած երբեմն առաջնահերթությունը տրվում է շատ ավելի մեծ ծավալի գումարների հետ կապված հրատապ խնդիրների լուծմանը, բայց պետական ծախսերի 100 տոկոսանոց արդյունավետության ապահովման հարցը ևս իր ուշադրության կենտրոնում է: Վարչապետն ընդգծել է՝ ընդհուպ 1000 դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության հասնելը ամենօրյա օրակարգի հարց է, և կառավարությունը հետևողականորեն գնալու է այդ ճանապարհով:

Կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարի համաժողովի անցկացումը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, անհատներին, խմբերին, ուժերին, ովքեր կարևոր են համարում կոռուպցիայի դեմ պայքարը, այս ընթացքում ոչ մի վայրկյան չեն դադարել կոռուպցիայի դեմ պայքարել և պետական միջոցների ծախսման և պետական համակարգերի արդյունավետության մակարդակը բարձրացնել: «Շատ կարևորում եմ այդ ինստիտուտների, խմբերի, կազմակերպությունների, ներառյալ ԶԼՄ-ների աշխատանքն այդ ուղղությամբ և ուզում եմ համոզմունք հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարը քրեաիրավական մակարդակում, այո՛, այսօր անխուսափելի է: Բայց երկարաժամկետ առումով մեր նպատակադրումն այլ պետք է լինի. մենք ոչ  թե պետք է, այսպես ասած, պայմաններ ստեղծենք, որ կոռուպցիան, կոռուպցիոն երևույթներ լինեն, հետո գնանք, բացահայտենք, ձերբակալենք, կալանավորենք և դատենք, այլ պետք է այնպես անենք, որ լինեն կոռուպցիան կանխանգելող ինստիտուտներ, որոնք կա՛մ անհնար, կա՛մ գրեթե անհնար դարձնեն կոռուպցիան: Դա առաջին հերթին ժողովրդավարությունն է, թափանցիկությունն է, իրավունքի և օրենքի գերակայությունն է, խոսքի ազատությունն է, արտահայտման ազատությունն է և, իհարկե, հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմ ունենալը, ինչը մեզ համար ռազմավարական ուղղություն է: Պատրաստ ենք համագործակցել և համագործակցում ենք դրանում շահագրգռված բոլոր ուղղությունների, բոլոր կազմակերպությունների և ուժերի հետ և  համոզված ենք, որ  այս ճանապարհին ունենալու ենք լրջագույն հաջողություններ», - եզրափակել է վարչապետը:

***

«Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» համաժողովի կազմակերպիչը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն է: Միջոցառումն անցկացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։ Մասնակցում են ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախատեսվում են Հայաստանի Կայուն զարգացման թիրախների վերաբերյալ պանելային քննարկումներ՝ «Կոռուպցիայի և կաշառակերության բոլոր դրևորումների էական նվազեցում», «Ապօրինի ֆինանսական հոսքերի կրճատում, գողացված ակտիվների վերադարձ, և կազմակերպված հանցավորության դեմ պայքար», «Արդյունավետ, հաշվետու և թափանցիկ կառույցների զարգացում», «Տեղեկատվության մատչելիությունը և հիմնարար ազատությունների պաշտպանությունը» թեմաներով։ 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ