1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարության որոշման պահանջների խախտմամբ օտարվել է «Հարավկովկասյան երկաթուղի»-ին հանձնված պետգույքը

Կառավարության որոշման պահանջների խախտմամբ օտարվել է «Հարավկովկասյան 
երկաթուղի»-ին հանձնված պետգույքը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն ակտիվներից պետական սեփականության գույքը հանելու և օտարելու գործընթացում պետական շահերի պաշտպանության հարցը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ կադաստրի կոմիտեից:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գույք ամրացնելու և շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը քանդելու մասին» ՀՀ կառավարության 2017թ. հունվարի 12-ի N 12-Ա որոշման հիման վրա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը թույլատրվել է իր աշխատակազմին ամրացված՝ Երևան քաղաքի Սևանի փողոցի 21 հասցեում գտնվող պետական սեփականության անշարժ գույքը (նախկին ծանրոցային բաժանմունքը), ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից: Այդ որոշմամբ նշված գույքը հետ է վերցվել նախարարությունից և օտարելու նպատակով ամրացվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին:

Նախատեսվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ պետք է ապահովեն գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ պետք է իրականացվեն որպես մեկ միավոր գրանցված անշարժ գույքից օտարման ենթակա մասի առանձնացման և հանձնման-ընդունման աշխատանքները, որից հետո եռամսյա ժամկետում օտարման ենթակա գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվի օտարման:

Գույքից առանձնացված և Սևանի 21/5 հասցեով գրանցված պահեստի և հողամասի հանձնման-ընդունման եռակողմ ակտերը ներկայացվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հաստատմանը, սակայն դրանք չեն հաստատվել, քանի որ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հողամասի օտարվող հատվածի առանձնացման աշխատանքները կատարել է առանց նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համաձայնեցնելու:

Եվ  չնայած հանձնման-ընդունման ակտի չստորագրմանը, աճուրդի միջոցով իրականացվել է նշված գույքի օտարման գործընթացը և դրա նկատմամբ գրանցվել է ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը: Արդյունքում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթուղագծերը մնացել են առանց մոտեցման հնարավորության, ինչը թույլ չի տալիս իրականացնել բեռնման և բեռնաթափման աշխատանքներ:

Այսպիսով, ուսումնասիրությամբ արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ չեն ապահովել սահանված ժամկետում որպես մեկ միավոր գրանցված անշարժ գույքից օտարման ենթակա մասի առանձնացումն ու հանձնում-ընդունումը, իսկ վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, առանց նշված աշխատանքների կատարման, օտարման են ներկայացրել գույքից առանձնացված պահեստը և հողամասը: Արդյունքում խախտվել են ինչպես «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավունքներն ու օրինական շահերը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրինական շահերը՝ քանի որ անհնարին է դարձել ռազմավարական նշանակության փոխադրումների կատարումը: Այդպիսով պետության համար առաջացել են ծանր հետևանքներ:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]