Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոռու մարզում ՀՀ կառավարության ղեկավարը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը

Լոռու մարզում ՀՀ կառավարության ղեկավարը ներկայացրել է աղետի գոտու 
բնակարանաշինության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 31-րդ տարելիցի օրը, այցելել է Լոռու մարզ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի այցի առաջին կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղն էր՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը։ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրել Շիրակամուտի համայնքապետարանի հարակից տարածքում տեղադրված հուշարձան-խաչքարին։

 Շիրակամուտից վարչապետն ուղևորվել է Սպիտակ քաղաք. ժամը 11:41-ին Նիկոլ Փաշինյանը Սպիտակի հուշարձանների պուրակում մասնակցել է ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի անմեղ զոհերի մատուցվող պատարագին և ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Ապա կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը։ Քըրք-Քըրքորյանի կիսանդրին Սպիտակ քաղաքին նվիրել է ՀՀ ժողովրդական նկարիչ,  քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Վարչապետը նաև ծաղիկներ է դրել Սպիտակի հուշարձանների պուրակում տեղադրված Ճապոնիայի երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին և 2016 թ. ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարին։ Նիկոլ Փաշինյանը եղել է Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում և մոմ վառել՝ ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի անմեղ զոհերի։

Կառավարության ղեկավարն այնուհետև այցելել է Լեռնանցք համայնք և մասնակցել տեղի բնակիչների համար նոր կառուցված բնակարանների բացմանը։ Աղետի գոտու պետական բնակարանաշինության ծրագրի շրջանակում Լեռնանցքում կառավարության որոշմամբ հատկացված ֆինանսական միջոցների հաշվին «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կառուցվել է 8 բնակարան: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է լեռնանցքցիներին բնակարանամուտի առթիվ, մաղթել հաջողություններ և առաջընթաց՝ նշելով, որ կառավարությունը հետևողական է աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման հարցում։ Կառավարության որոշմամբ մեկնարկել է ևս 24՝ բարձր պատրաստվածություն ունեցող բնակարանների շինարարությունը, որից 4-ը՝ կրկին Լեռնանցք համայնքում: 

Վարչապետ Փաշինյանը Շիրակամուտում, Սպիտակում և Լեռնանցքում նաև զրուցել է այս համայնքների բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին և պատասխանել դրանց։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը և համայնքների զարգացման ու սուբվենցիոն ծրագրերի համատեքստում ընդգծել կառավարություն-համայնք-մարզպետարան համագործակցության կարևորությունը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]