Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում դեկտեմբերի 6-ի երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Գյումրիին նվիրված՝ «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգ, որին ներկա են եղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հրավիրյալներ հանրապետության մարզերից:

Համերգը Գյումրիի երաժշտարվեստը ներկայացնելուց զատ նաև հարգանքի տուրք էր 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին. մինչ համերգի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը:

Գյումրիի երաժշտական ու արվեստի դպրոցների սաների կատարմամբ հնչել են դասական, գուսանական ու ժողովրդական ստեղծագործություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգի ավարտին նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով երկրաշարժի տարելիցի նախօրեին այս յուրահատուկ ու ինչ-որ առումով գեղեցիկ օրվա համար, ասել է. «Գեղեցիկ օր է, որովհետև մեկ անգամ ևս մեր երեխաները, նրանց ծնողները, տատիկներն ու պապիկներն ապացուցեցին, որ սերը, նվիրումը, աշխատասիրությունը, դրական վերաբերմունքը շատ ավելի հզոր են, քան անտարբերությունը, ծուլությունն ու թուլությունը: Մեկ անգամ ևս ապացուցեցին, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը,-ասել է նախագահը:- Գլուխ եմ խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առաջ, որ սրանից 31 տարի առաջ իրենց կյանքն ավարտեցին Կիրովականում, Սպիտակում և Լենինականում ու նաև այն բոլոր մայրերի, հայրերի, եղբայրների և քույրերի առաջ, որոնք չվհատվեցին և հավատացին, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը, և իրենց նվիրումը բերեցին իրենց զավակներին, թոռներին, որպեսզի կրկին ապացուցեն, որ Վանաձորը, Սպիտակն ու Գյումրին ընդմիշտ են»:

Հաջողություններ մաղթելով համերգի մասնակից գյումրեցի տաղանդավոր երեխաներին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանք կշարունակեն իրենց ծնողների գործը՝ պահպանելով իրենց հոգևոր ու ազգային արժեքները, մշակութային ժառանգությունը. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հպարտ գյումրեցու սիրտ ունի, և ուզում եմ այդ հպարտությունն ու սերը ձեր քաղաքի, ձեր մարզի, ձեր հավատքի, ձեր հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ կրեք ձեր ողջ կյանքի ընթացքում»:

Համերգի ավարտից հետո ներկաները հնարավորություն են ունեցել դիտելու նաև նախագահական նստավայրում բացված՝ գյումրեցի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրությունը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ