Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վերաօծվեց եւ վերաբացվեց Ներքին Գետաշենի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Վերաօծվեց եւ վերաբացվեց Ներքին Գետաշենի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

ԳԱՎԱՌ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում կայացավ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման եւ վերաբացման արարողությունը՝ ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ էջմածնի հայեցակարգային գրասենյակի տնօրեն Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի՝ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, Հայաստանից ու արտերկրից հրավիրված հյուրեր, Ներքին Գետաշեն համայնքի բազմաթիվ անդամներ, եկեղեցու հիմնանորոգման գործում ֆինանսական միջոցներ տրամադրած բարերար Գագիկ Հովհաննիսյանը: Վերաբացման եւ վերաօծման արարողությանը նախորդեց օծված Սուրբ Խաչի տեղադրումը, որը տասնամյակների տեւական բացակայությունից հետո հանգրվանեց նորանորոգ եկեղեցու գմբեթին:

«Սիրելի հավատավորներ, շնորհավորում եմ բոլորիս այս պատմական օրվա առիթով:Աչքներս լույս լինի, քանի որ Գեղարքունյաց հնամենի աշխարհում, որտեղ ամեն մի սրբավայր, ամեն հուշարձան ու խաչքար իրենց մեջ մի ողջ պատմություն են պարունակում, ազգային ու հոգեւոր-մշակութային անկրկնելի արժեքներ, այսօր մենք վերաբացում ու վերաօծում ենք մի այնպիսի կարեւոր հուշարձան, որը հարյուրամյակներով ծառայել է մեր ժողովրդի հոգեւոր կարիքներին, սակայն ժամանակի չար ձեռքով ավերվել ու մատնվել էր մոռացության:

Այսուհետ այն կյանք ու շունչ է առել շնորհիվ ներքին գետաշենցի բարերար ու գործարար Գագիկ Հովհաննիսյանի աստվածասիրության ու հայրենասիրության, շնորհիվ ճարտարապետի ու շինարարների մտքի ու կառուցող ձեռքերի, շնորհիվ համայնքի ղեկավարի ու համայնքապետարանի աշխատակիցների կազմակերպչական ջանքերի, հավատավոր մարդկանց օժանդակության, մեր ու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի աղոթքների: Մեր սրբազան հավատի դարավոր տաճարն այլեւս վերականգնված է իր հին տեսքի մեջ՝ ավելի շքեղ ձեւ առնելով: Եկեղեցու շինարարության ընթացքում ի հայտ եկած հուշարձանները՝ ավելի քան 240 խաչքարեր ու խաչքարերի բեկորներ, մաքրվել են հողից ու փոշուց, փրկվել անհույս մոռացությունից ու վեհորեն կանգնած են եկեղեցու գավթում ու շրջակայքում:

Մեր պատմական անցյալի հետ մեզ ավելի շատ կապում են մեր հոգեւոր, քան թե աշխարհիկ կառույցները, քանի որ մեզ պահպանված տեսքով չեն հասել մեր թագավորների դղյակներն ու պալատները, քաղաքները, իսկ ահա մեր եկեղեցիներն ու վանքերը կանգուն են մնացել տեւական դարեր ի վեր: Պահպանել այս ու մյուս եկեղեցիները՝ նշանակում է՝ պահպանել մեր դարավոր ու հերոսական պատմությունը, պահպանել մեր սրբազան հավատը, որ սկիզբ է առնում հենց Գրիգոր Լուսավորչից: Սիրելի հայրենակիցնե՛ր, մեզ մնում է աղոթքով, անդուլ աշխատանքով, մեր մտքի պայծառությամբ զորանալ ու վերակերտել մեր սուրբ հայրենիքը»,-արարողության մասնակիցներին դիմեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ կաթողիկոսի օրհնության գրով «Ներսես Շնորհալի» շքանշանով պարգեւատրվեց եկեղեցու հիմնանորոգման ու վերականգնման բարերար, գործարար, ծնունդով ներքին գետաշենցի Գագիկ Հովհաննիսյանը:Շքանշանը հանդիսավոր պայմաններում հանձնեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:

Այնուհետ ձեռամբ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մատուցվեց Սուրբ Պատարագ, բաժանվեց օրհնված մատաղ: Եկեղեցու առաջին մոմերը վառեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, բարերար Գագիկ Հովհաննիսյանը, Ներքին Գետաշեն համայնքի ղեկավար Կարո Գեւորգյանը, պատվավոր այլ հյուրեր: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ եւ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ օրհնվեց ու բացվեց 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանը:

«Սիրելի հայրենակիցներ, այս գեղեցիկ օրվա առթիվ ողջունում ու շնորհավորում եմ բոլորիս: 2019 թվականը ես համարում եմ Ներքին Գետաշենի տարի, քանի որ այստեղ հսկայածավալ շինարարություն իրականացվեց պետական միջոցներով ու տեղական բյուջեի հաշվին: Կառուցվեցին խմելու եւ ոռոգման ջրատարներ, գազատար ու լուսավորության ցանց, ասֆալտապատվեց 12 փողոց, շարունակվեց թիվ 1 միջնակարգ դպրոցի շինարարությունը: Եվ այս կարեւոր ձեռքբերումներն ավելի հարստացան հոգեւոր այս ձեռնարկով, որը լրացնում է մեր ընդհանուր հաջողությունները: Ես ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել բարերարին այն բանի համար, որ նա ոչ միայն չի մոռանում հայրենի եզերքը, այլ միջոցներ է գտնում՝ հայրենի գյուղում հոգեւոր ու մշակութային կյանքը վերակերտելու եւ վերաիմաստավորելու համար: Սա միայն եկեղեցու վերաօծման ու վերաբացման արարողություն չէ, սա նաեւ երախտագիտության տուրք է մեր ազգային արժեքներին, հայրենի հավատին ու մշակույթին, մեր ինքնությանն ու պատմությանը: Այս օրը մեկ անգամ եւս փաստում է, որ վաղն ավելի լավ է լինելու, քանի որ մենք այսպես միասնական ենք եւ ամուր հավատով ենք կանգնած հայրենի հողի վրա»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

«Հայրենիքին ու Աստծուն որքան էլ միջոցներ նվիրես, դարձյալ քիչ է: Ես միայն ուրախ եմ, որ տարիների իմ փափագը կատարվել է. ավերակների միջից վերականգնվել եւ շուք է առել այն եկեղեցին, որը տասնամյակներ շարունակ եղել է մոռացված ու լքված, կիսափլված վիճակում: Ամեն անգամ հայրենի գյուղ գալուց սրտի ցավով էի նայում այդ տխուր իրողությանը: Այսուհետ հպարտորեն ու ժպիտով կնայեմ Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու կողմը: Անթերի գործ կատարեցին եկեղեցու ճարտարապետն ու շինարարը, կառուցող վարպետները¦,-նշեց բարերար Գագիկ Հովհաննիսյանը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարար Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2018 թվականի մարտի կեսերից, որից հետո ի հայտ էին եկել ավելի քան 240 խաչքար կամ խաչքարի բեկորներ, հարավարեւելյան պատին կից՝ 9-րդ դարի խաչքարագործական արվեստին բնորոշ ժայռախաչեր:

Նորահայտ այս հուշարձանները պատճառ էին հանդիսացել, որպեսզի եկեղեցու վերականգնումը ժամանակավորապես դադարեցվի, մինչեւ ավարտվեն պատմագիտական հետազոտությունները, եւ, միաժամանակ, փոխվի շինարարության նախագիծը:

«Նախագիծը կազմվել է դեռեւս 2013 թվականին, որով նախատեսված էր քանդել խարխլված եկեղեցու պատերը, համարակալել բոլոր քարերը եւ վերականգնել իր նախկին տեսքով: Շինարարության արժեքը կազմել է 112 միլիոն դրամ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսից հետո, Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից Սեւանի ավազան գաղթած եւ Ներքին Գետաշենում վերաբնակություն հաստատած հայ ընտանիքների կողմից:

Այն գյուղի համար հավատի տուն է ծառայել մինչեւ 20-րդ դարի 30-ական թվականները, այնուհետև վերածվել է կոլտնտեսության մթերային պահեստի:1970-ական թվականներից շինությունը լքվել է եւ, անտերության մատնվելով, կանգնել քայքայման ու փլուզման վտանգի առաջ: Մենք գիտեինք, որ եկեղեցու շինարարության ժամանակ օգտագործվել են տարածքով մեկ սփռված խաչքարեր, սակայն չէինք պատկերացնում, որ դրանց թիվը կարող է հասնել 240-ի, որոնք, որպես նորահայտ հուշարձաններ, կարող են հարստացնել մեր մշակույթն ու պատմությունը:

Ժայռախաչերի ի հայտ գալը, ինչը եւս նորություն էր, մեզ հարկադրեց ժամանակավորապես դադարեցնել շինարարությունը եւ մտածել նախագծում փոփոխություն կատարելու մասին, քանի որ եղած նախագիծը կյանքի կոչելու դեպքում այդ ժայռախաչերը կրկին կծածկվեին-կանհետանային: Մինչդեռ մեր նպատակն այն էր, որ նոր կառուցվող պատը չխանգարի ժայռաքանդակ խաչքարերի տեղադրությանը: Շինարարության ժամանակավոր դադարեցման երկրորդ պատճառը նորահայտ հուշարձանների ուսումնասիրման եւ անձնագրավորման, տեղադրման կազմակերպման անհրաժեշտությունն էր, ինչի համար դիմեցինք համապատասխան կառույցներին՝ գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու համար: Մշակույթի նախարարության ու համայնքապետարանի կազմակերպչական ջանքերի շնորհիվ բոլոր ի հայտ եկած խնդիրները կարգավորվեցին, եւ այժմ այդ 240 խաքարերն ու խաչքարաբեկորները զարդարում են եկեղեցու շրջակայքը, ցուցադրվում թե ուխտավորներին, թե զբոսաշրջիկներին: Ոչ միայն մեր հավատի տունը վերականգնվեց այս ձեռնարկով, այլ նաեւ մեր ժողովրդին վերադարձվեցին հայ մշակույթի գեղաքանդակ ու անկրկնելի կոթողները »,-նշեց Ներքին Գետաշեն համայնքի ղեկավար Կարո Գեւորգյանը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերականգնվել է Անդրանիկ Սարգսյանի ճարտարապետությամբ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]