Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ճապոնացի գիտնական Տակեո Կանադեի հետ

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ճապոնացի գիտնական Տակեո Կանադեի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը նախ շնորհավորել է Տակեո Կանադեին ՀՀ վարչապետի կողմից ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանանալու առթիվ և նշել, որ իր համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել մեծ գիտնականին: 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները: Խոսելով արդեն իսկ իրականացված ծրագրերի մասին՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ 2019թ. ապրիլից քաղաքապետարանը գործարկել է mankapartez.yerevan.am. կայքը, որը հնարավորություն է տվել ծնողներին տնից, աշխատավայրից կամ ցանկացած այլ վայրից առցանց հերթագրել երեխաներին Երևանի քաղաքապետարանի ցանկացած մանկապարտեզում: Բացի այդ, activecitizen.am կայքով էլ քաղաքացիները կարող ներկայացնել սեփական առաջարկները: Հաղթող նախագծերը կյանքի կկոչվեն համայնքի ուժերով:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրի տնտեսության զարգացման գերակայություններից է և քաղաքի զարգացման մեր տեսլականն առանձնանում է նաև տարբեր ոլորտներում այդ տեխնոլոգիաների կիրառմամբ: Դաշտը բավականին մեծ է, և մենք պետք է արագ տեմպերով բացերը լրացնելով գնանք առաջ»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ճապոնացի գիտնական Տակեո Կանադեն նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալելու առումով Հայաստանում իսկապես մեծ ներուժ կա:
«Պարոն քաղաքապետ, Ձեր կողմից ներկայացված ոլորտներում շատ առաջադեմ լուծումներ եք առաջարկել, ինչն իսկապես ողջունելի է: Առանձնակի եմ կարևորում նաև քաղաքացիների գաղափարները վերցնելն ու կյանքի կոչելը: Դա ոգևորող նախաձեռնություն է»,- նշել է Տակեո Կանադեն:

Որպես խելացի քաղաքի հայեցակարգ՝ քաղաքապետ Հայկ Մարությանն առանձնացրել է նաև Երևանի նոր երթուղային ցանցի գործարկումը, որը կարևոր նշանակություն կունենա նաև քաղաքի երթևեկության կանոնակարգման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ