Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Շիրակը ԱՐՄԱԹ լաբորատորիաներով ամենահագեցած մարզն է

Շիրակը ԱՐՄԱԹ լաբորատորիաներով ամենահագեցած մարզն է

ԳՅՈՒՄՐԻ, 6  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզում դեկտեմբերի 6-ին բացվեց հերթական ԱՐՄԱԹ ինժեներական լաբորատորիան: Այն կգործի Գյումրու թիվ 19 դպրոցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու բոլոր դպրոցներն արդեն համալրված են լաբորատորիաներով: Ըստ նախատեսվածի, ինժեներական լաբորատորիաներ չեն ունենա միայն այն դպրոցները, որոնց աշակերտների ընդհանուր քանակը 33-ից պակաս է: Նմանատիպ դպրոցները մարզում 8 են: Ընդհանուր առմամբ, մարզն ունի շուրջ 140 ԱՐՄԱԹ ինժեներական լաբորատորիա:

 Շիրակում ԱՐՄԱԹ ինժեներական լաբորատորիաների մարզի համակարգող Սոֆյա Հարությունյանը տեղեկացնում է՝ նախորդ օրերին Գյումրու տարբեր դպրոցներում արդեն տեղադրվել են 93 լաբորատորիա, բայց դրանց թիվը կավելանա: «Նախատեսվում է մարզում այս փուլով ունենալ մինչև 117 ինժեներական լաբորատորիա: Այս պահին տեղադրումները շարունակվում  են Արթիկի տարածաշրջանի դպրոցներում և սրանով կավարտվի մարզի տարածքում նախատեսված ինժեներական լաբորատորիաների տեղադրման գործընթացը»,-նշեց Սոֆյա Հարությունյանը:

ԱՐՄԱԹ ինժեներական լաբորատորիաները նախատեսված են 10-18 տարեկանների համար: Մեկ խմբում կարող է լինել մինչև 18 երեխա, բայց երեխաների քանակից կախված, դպրոցները կարող են ունենալ ավելի քան 1  լաբորատորիա:

«Կա ուսումնասիրություն, որ ԱՐՄԱԹ-ի սաների շուրջ 12 տոկոսը ստարտափ հիմնադիրներ են: Կան նաև աշակերտներ, ովքեր, ի շնորհիվ այս խմբակում ստացած գիտելիքի, հիմնել են իրենց «բիզնես»-ը դպրոցում և ի օգուտ համայնքի ծառայություն են մատուցում:  Սաները կարող են իրենց նախագծերը հետագայում էլ զարգացնել ու վաճառել»,-նշեց Սոֆյա Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ մարզում որպես խմբավար աշխատում են հենց տեղի մասնագետներ՝ լուծելով երիտասարդ կադրերի աշխատատեղերի խնդիրը:

Ծրագիրն այս տարվանից իրականացվում է ՀՀ  կառավարության աջակցությամբ 2019 թվականի  հուլիսին, ՀՀ կառավարությունը 834 մլն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար: Կառավարության ֆինանսավորմամբ նախատեսվում էր մինչև տարեվերջ հանրակրթական դպրոցներում ունենալ ավելի քան 600 ինժեներական լաբորատորիա, 2019 թվականի ավարտին լաբորատորիաներով հագեցված կլինեն Շիրակի, Լոռու ու Տավուշի մարզերը,  իսկ 2020թ. ավարտին «Արմաթ» լաբորատորիաներ ունենալ Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում:

Արմենուհի Մխոյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ