1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հառնելով ինչպես փյունիկ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 31 տարի

Հառնելով ինչպես փյունիկ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 31 տարի

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 31 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝  էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Պատճառված վնասները

Սպիտակի երկրաշարժը պատկանում է, այսպես կոչված, լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազարը, զոհերի թիվը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս  հասավ նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին:

Աշխարհը Հայաստանի կողքին էր

Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը, սակայն խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը:

Երկրաշարժից հետո Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝  ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հայաստան էին տեղափոխվում դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և այլ պարագաներ։

1989 թվականին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին:

Երկրաշարժի առաջին ժամերից Հայաստանի կողքին էր Սփյուռքը:

Մեր հայրենակիցները բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակում, անհատապես իրենց օգնությունն էին առաջարկում: Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայ  մասնագետներ շտապեցին Հայաստան՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին այստեղ և մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

Սպիացող վերքեր

Աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման պետական ծրագրով 2019 թվականն աննախադեպ է եղել. ծրագրի շահառուների բնակարանային պայմանների բարելավման համար մի քանի անգամ ավելի գումար է հատկացվել, քան 2018 թվականին: Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման ծրագրի շահառու է ճանաչվել, ընդհանուր առմամբ, 5 հազար 396 ընտանիք՝ Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերից: Մինչև 2018 թվականը 4 հազար 838 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծված է եղել: 2018 թվականի դրությամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ուներ 558 ընտանիք, որից այդ տարի 44-ն է պետությունից աջակցություն ստացել: 2019 թվականին սկզբում նախատեսվել էր 560 մլն դրամ: Այդ գումարով իրականացվեցին նախ 44 կիսակառույց բնակելի տան շինարարական աշխատանքներ: Այս ծրագրերը կարևորվում էին այն տեսանկյունից, որ բնակիչն անձամբ ներգրավված էր իր տան շինարարական աշխատանքներում: Դեկտեմբերի 1-ի դրությամբ, բոլոր 44 տների շինարարական աշխատանքներն ավարտված են:

«Ավելին, մենք ունենք տնտեսված գումար, ևս մի քանի տներ ներառվեցին ծրագրում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ֆինանսավորումը 560 մլն դրամով չսահմանափակվեց:  Ծրագրի շահառու բնակարանների սպասող ընտանիքների շրջանում հարցում անցկացվեց, և պարզվեց, որ 227 ընտանիք նախընտրում է բնակարանների գնման վկայագիր ստանալ, մնացածները նշեցին, որ ցանկանում են գումարն ուղղել բնակելի տան կառուցման գործին: Բացառիկ հնարավորություն եղավ և տարեվերջին կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 291 մլն դրամ լրացուցիչ ուղղվեց ծրագրին և 227 ընտանիք կստանա բնակարանների գնման վկայագրեր»,- ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

Գործընթացն արդեն մեկնարկել է, բնակարանների գնման վկայագրերի դեպքում բնակիչներին ժամկետ է տրվում բնակարան գտնելու համար: Այս մասով աշխատանքների վերջնաժամկետը 2020 թվականի հոկտեմբերն է: Տանյա Արզումանյանը նկատեց, որ հնարավորություն է տրվում, օրինակ, բնակարանային գնման վկայագրով հիպոթեքային վարկ ձևակերպել և ավելի լավ պայմաններով բնակարան ձեռք բերել:

2020 թվականին կառավարությունը բյուջեով նախատեսել է 3 մլրդ դրամ, որով 226 ընտանիքի բնակարանային հարցը կլուծվի: Դրանով ամբողջությամբ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման ծրագիրն ամբողջությամբ ավարտին կհասցվի:

Ինչ վերաբերում է տնակներին, ապա Տանյա Արզումանյանը նշեց, որ ընդհանուր հաշվառվել է 7 հազար 219 ոչ հիմնական շինություն: Դրանք Շիրակ, Լոռի, Արագածոտնի մարզերում են: Այստեղ բնակվում են ընտանիքներ, որոնք ներքին միգրացիայի արդյունքում գյուղերից եկել են Գյումրի աշխատելու և ապրում են տնակում: Կան ընտանիքներ, որոնք երկրաշարժից տուժածներ են, բնակարան ստացել են, սակայն ընտանիքի մեծ լինելու հանգամանքով պայմանավորված, մի մասը բնակվում է նոր բնակարանում, մյուս մասը` դեռ տնակում: Կան, որոնք ստացել են բնակարաններ ու վաճառել են տարբեր խնդիրներից ելնելով: Մի փոքր հատված կա, որ երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարանը, սակայն ինչ-ինչ պատճառներով պետական ծրագրում չեն հասցրել ընդգրկվել: Կան ոչ հիմնական շինություններ, որոնք լքված են, բնակվող չկա, մի մասը օգտագործվում է որպես մրգի վաճառատեղ, վարսավիրանոց և այլն: Տանյա Արզումանյանը նշեց, որ այս մասով հարցերը ևս պետության ուշադրության կենտրոնում են: Նրանց հետ կապված պետությունը պետք է ձևավորի նոր պարտավորություններ:

Հարգանքի տուրք

Աղետալի երկրաշարժի 31-ամյա տարելիցի կապակցությամբ երկրի բարձրագույն ղեկավարությունը կայցելի Սպիտակ և Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]