ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրանով առաջարկում է Սևան լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել:
Ներկայում համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքով սահմանված է լճից 170 մլն խոր. մետր առավելագույն ջրառ: Սակայն 2012-ին Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունից հետո ամեն տարի գրեթե կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ ավել ջրառ իրականացնելու առաջարկով, և օրենքով նախատեսվել է ավել ջրառ, մինչև 350 մլն խոր. մետր ջուր է վերցվել: Պատգամավորն առաջարկում է, որ 170 մլն խոր մետրը լինի վերին սահման, դրանից ավել ջրառ նաև կառավարության կողմից ջրառ կատարելու առաջարկ չներկայացվի ԱԺ-ին: Կարապետյանը շեշտել էր՝ Սևանա լիճը չեն կարող դիտարկել միայն որպես ջրի պաշար:
Առաջին ընթերցմամբ ընդունումից հետո օրենքի նախագծում փոփոխություն է կատարվել, ըստ որի, եթե կառավարությունը երաշտ կհայտարարի, ապա կկարողանա նշված քանակից ավելի ջրառ կատարել Սևանա լճից:
Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 100 կողմ և 2 ձեռնպահ ձայներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում