Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Մխիթար Հայրապետյանը Շվեդիայում ծանոթացել է Fryshuset կենտրոնների փորձին

Մխիթար Հայրապետյանը Շվեդիայում ծանոթացել է Fryshuset կենտրոնների փորձին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հույս ունի, որ շվեդ գործընկերների հետ աշխատանքի արդյունքում ոչ հեռու ապագայում Երևանի արվարձաններից մեկում կմեկնարկի «հայկական Fryshuset-ի» շինարարությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումով և պարզաբանել, որ Շվեդիայում գործող Fryshuset բոլոր կենտրոնները սոցիալական ներգրավվածության ու զարգացման հավասար հնարավորություններ են տալիս հասարակությունից մեկուսացված պատանիների համար։

Մխիթար Հայրապետյանն իր գրառման մեջ նշել է. «Ոգեշնչել երիտասարդներին, օգնել նրանց` փոխել սեփական կյանքը, կատարելագործվել ու նոր հմտություններ ձեռք բերել. Շվեդիայում հավատացած են, որ կարող են աշխարհն ավելի լավը դարձնել հենց երիտասարդների միջոցով ։

Սոցիալական ներգրավվածություն ու զարգացման հավասար հնարավորություններ՝ հասարակությունից մեկուսացված պատանիների համար. սա է այն հիմնական գաղափարը, որ Fryshuset բոլոր կենտրոններում կարմիր թելի նման անցնում է: Շվեդերենից թարգմանաբար Fryshuset նշանակում է սառը պահեստ. 1984-ին այն հիմնվեց հենց սառը պահեստի մի տարածքում` հեռու կենտրոնից ու բարեկեցիկ պայմաններից: Այսօր արդեն Շվեդիայի տարբեր անկյուններում գործող այս հրաշալի կառույցներն ամենաաշխույժ երիտասարդական կենտրոններն են դարձել` հազարավոր երիտասարդների համար ստեղծելով բարձր կենսամակարդակ ունենալու լայն հնարավորություններ:

Գերագույն հաճույք ստացանք` տեսնելով, թե ինչպես են, օրինակ, նախկինում այս կամ այն հանցավոր խմբավորումներում ներգրավված պատանիները, կտրվելով փողոցային կյանքից ու դրա բոլոր արատավոր դրսևորումներից, քաղաքի ամենավտանգավոր այս թաղամասում իրենց ժամանակն անցկացնում Fryshuset-ի մարզասրահներում ու պարահրապարակներում, ընթերցասրահներում ու լսարաններում: Վիճակագրական տվյալներն առավել քան խոսուն են, փրկված ճակատագրերը՝ անթիվ:

Հ.Գ. Թեև արդեն մի քանի ամիս է Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների հետ քննարկում էինք նման մի կենտրոն Հայաստանում հիմնելու գաղափարը, բայց չէի շտապում ձեզ պատմել այդ մասին: Կարծում եմ` ավելի հարմար առիթ չի լինի. հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում ոչ հեռու ապագայում Երևանի արվարձաններից մեկում կմեկնարկի «հայկական Fryshuset-ի» շինարարությունը` համոզմունքով, որ շատ շուտով արդեն այն իր սերմերը կգցի ողջ Հայաստանով մեկ: Դե իսկ մեր շվեդ գործընկերներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին մեզ աջակցելու այս հարցում»:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ