Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագիրն եկող տարի ամբողջությամբ ավարտին կհասցվի

Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագիրն եկող տարի 
ամբողջությամբ ավարտին կհասցվի

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման պետական ծրագրով 2019 թվականն աննախադեպ է եղել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ 2019 թվականին ծրագրի շահառուների բնակարանային պայմանների բարելավման համար մի քանի անգամ ավելի գումար է հատկացվել, քան 2018 թվականին էր:

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման ծրագրի շահառու է ճանաչվել,ընդհանուր առմամբ, 5 հազար 396 ընտանիք Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերից: Մինչև 2018 թվականը 4 հազար 838 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծված է եղել: 2018 թվականի դրությամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ուներ 558 ընտանիք, որից այդ տարի 44-ն է պետությունից աջակցություն ստացել: 2019 թվականին սկզբում նախատեսվել էր 560 մլն դրամ: Այդ գումարով իրականացվեցին նախ 44 կիսակառույց բնակելի տան շինարարական աշխատանքներ: Այս ծրագրերը կարևորվում էին այն տեսանկյունից, որ բնակիչն անձամբ ներգրավված էր իր տան շինարարական աշխատանքներում: Դեկտեմբերի 1-ի դրությամբ, բոլոր 44 տների շինարարական աշխատանքներն ավարտված են:

«Ավելին, մենք ունենք տնտեսված գումար, ևս մի քանի տներ ներառվեցին ծրագրում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ֆինանսավորումը 560 մլն դրամով չսահմանափակվեց:  Ծրագրի շահառու բնակարանների սպասող ընտանիքների շրջանում հարցում անցկացվեց, և պարզվեց, որ 227 ընտանիք նախընտրում է բնակարանների գնման վկայագիր ստանալ, մնացածները նշեցին, որ ցանկանում են գումարն ուղղել բնակելի տան կառուցման գործին: Բացառիկ հնարավորություն եղավ և տարեվերջին կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 291 մլն դրամ լրացուցիչ ուղղվեց ծրագրին և 227 ընտանիք կստանա բնակարանների գնման վկայագրեր»,- ասաց Տանյա Արզումանյանը: Գործընթացն արդեն մեկնարկել է, բնակարանների գնման վկայագրերի դեպքում բնակիչներին ժամկետ է տրվում բնակարան գտնելու համար: Այս մասով աշխատանքների վերջնաժամկետը 2020 թվականի հոկտեմբերն է: Տանյա Արզումանյանը նկատեց, որ հնարավորություն է տրվում, օրինակ, բնակարանային գնման վկայագրով հիպոթեքային վարկ ձևակերպել և ավելի լավ պայմաններով բնակարան ձեռք բերել:

2020 թվականին կառավարությունը բյուջեով նախատեսել է 3 մլրդ դրամ, որով 226 ընտանիքի բնակարանային հարցը կլուծվի: Դրանով ամբողջությամբ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման ծրագիրն ամբողջությամբ ավարտին կհասցվի:

Ինչ վերաբերում է տնակներին, ապա Տանյա Արզումանյանը նշեց, որ ընդհանուր հաշվառվել է 7 հազար 219 ոչ հիմնական շինություն: Դրանք Շիրակ, Լոռի, Արագածոտնի մարզերում են: Այստեղ բնակվում են ընտանիքներ, որոնք ներքին միգրացիայի արդյունքում գյուղերից եկել են Գյումրի աշխատելու և ապրում են տնակում: Կան ընտանիքներ, որոնք երկրաշարժից տուժածներ են, բնակարան ստացել են, սակայն ընտանիքի մեծ լինելու հանգամանքով պայմանավորված, մի մասը բնակվում է նոր բնակարանում, մյուս մասը` դեռ տնակում: Կան, որոնք ստացել են բնակարաններ ու վաճառել են տարբեր խնդիրներից ելնելով: Մի փոքր հատված կա, որ երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարանը, սակայն ինչ-ինչ պատճառներով պետական ծրագրում չեն հասցրել ընդգրկվել: Կան ոչ հիմնական շինություններ, որոնք լքված են, բնակվող չկա, մի մասը օգտագործվում է որպես մրգի վաճառատեղ, վարսավիրանոց և այլն: Տանյա Արզումանյանը նշեց, որ այս մասով հարցերը ևս պետության ուշադրության կենտրոնում են: Նրանց հետ կապված պետությունը պետք է ձևավորի նոր պարտավորություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am