Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ձևավորվում է ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ

Ձևավորվում է ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող 
իրավական դաշտ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքների փաթեթին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, ներկայումս Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման ու թարմացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով:

Ելնելով ՀՀ աշխարհաքաղաքական դիրքից, առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ ճանապարհային շրջափակման պայմաններում բնակչության և Զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը:

«Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաև ցորենի, շաքարավազի, բուսական և կենդանական յուղի ու մի շարք այլ պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվող են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատև խափանումը կարող է առաջացնել ճգնաժամ, որի կանխարգելումը կամ հետևանքների վերացումը պետական նյութական պահուստի նշանակությունն է: Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձևավորման մոտեցումներն ու կառավարման համակարգը:

Նախորդ տարիների փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում ձևավորված ազատական տնտեսական  հարաբերությունների պայմաններում որդեգրված մոտեցումներն այլևս չեն կարող համարվել բավարար ու չեն ապահովում նյութական պահուստի զարգացման գործընթացը: Ներկայումս պետական նյութական պահուստի ձևավորման, պահպանման, թարմացման, փոխարինման գործառույթները իրականացվում են բացառապես բյուջետային ֆինանսավորման հաշվին:

Ռազմավարական նշանակություն ունեցող պաշարների ձեւավորման համար պահանջվում են զգալի ֆինանսական միջոցներ, իսկ գործող իրավական դաշտը շուկայական հարաբերությունների պայմաններում  բավարար չափով չի ապահովում պետական պահուստի նյութական արժեքների թարմացման եւ փոխարինման գործընթացի արդյունավետությունը,  որի հետեւանքով առաջանում են կորուստներ եւ պահանջվում  մեծ ֆինանսական ներդրումներ:

Ներկայումս պետական նյութական պահուստի ձևավորման համար չի օգտագործվում  մասնագիտացված առևտրային կազմակերպությունների պոտենցիալը, իսկ պետական պահուստի նյութական արժեքների թարմացման ընթացքում կորուստներ են առաջանում ոչ միայն ձեռք բերվող և իրացվող ապրանքների պիտանելիության ժամկետների տարբերության, այլ նաև իրավական դաշտի անկատարելիության պատճառով: Մասնավորապես,  հանդիսանալով պետական մարմին, գործակալությունը հնարավորություն չունի ապրանքների թարմացման, իրացման կամ ձեռքբերման ժամանակ կատարել այդ գործարքները շուկայում լավագույն գների ձևավորվելու պահին:

Նախագծերի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգի զարգացումն ու բարեփոխումները ապահովող իրավական դաշտի ստեղծումը եւ նյութական պահուստի արդիականացումը եւ համալրումը: Օրենքի նախագծով  նախատեսվում է նյութական պահուստի ձեւավորման մասնակից դարձնել ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքները (ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, պարենային ցորեն, շաքարավազ, բուսական յուղ) ներմուծող կազմակերպությունները, ինչպես նաև զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունները»:

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել  ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի բարելավմանը և ընդլայնմանը, համակարգի արդիականացմանը և, որպես արդյունք՝ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների նվազեցմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]