Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ինչո՞ւմ էին մեղադրում Սիլվա Կապուտիկյանին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ինչո՞ւմ էին մեղադրում Սիլվա 
Կապուտիկյանին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «2019 թ. առանձնանում է հայ դասական եւ նորագույն շրջանի մի շարք գրողների հոբելյաններով: Դրանց շարքում իր ուրույն տեղն ունի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը: Ամենայն հայոց բանաստեղծուհին անցավ գրական մեծ ճանապարհ: Նա ոչ միայն տաղանդավոր քնարերգու էր, այլեւ հմուտ հասարակական գործիչ: Սակայն ինչու՞ էին հետխորհրդային շրջանում նրա դեմ հնչում այդքան մեղադրանքներ...

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Հակոբյանը «ՀՀ»-ի հետ զրույցում շեշտում է` բանաստեղծուհին քննադատությունների թիրախ դարձավ մի քանի պատճառով: «Նախ, նրան մեղադրեցին Ղարաբաղյան շարժմանը դավաճանելու, ազգային զարթոնքի պահին անկախության գործընթացի դեմ արտահայտվելու, այնուհետև, ավելի ուշ՝ 1990-ականների վերջից, նրա վրա բարդվեցին հորն ուրանալու, Կրեմլի գործակալ լինելու, Սախարովի ու Պաստեռնակի  դեմ սուր քննադատական ելույթներ ունենալու, այնուհետեւ Սփյուռքը ճամփորդական ուղեգրություններում խեղաթյուրված ներկայացնելու, Ստալինին գովերգող բանաստեղծություններ գրելու, հայ գրողի պատիվը «ծախելու»  մեջ»,- ասաց Հակոբյանը` անդրադառնալով հետխորհրդային շրջանում հնչած եւ մինչ օրս պարբերաբար տարբեր ամբիոններից հնչող մեղադրանքներին` փաստական հիմքով ապացուցելով դրանց սնանկությունը:

Ըստ նրա` 20-րդ դարի 90-ական թվականների սկզբին, երբ տիրապետող էր համընդհանուր դժգոհությունը իշխանությունների վարած քաղաքականությունից, երբ արտագաղթն ահռելի չափերի էր հասել եւ խորանում էին սոցիալ-տնտեսական խնդիրները՝ ապացուցելով Ս. Կապուտիկյանի մի շարք կանխատեսումների իսկությունը, թվում է, մեղմացան գրողի դեմ հարձակումներն ու նվազեցին նրա հասցեին հնչող՝ «ազգադավի», «ուրացողի» մեղադրանքները: Սակայն Կապուտիկյանի՝ 1997 թ. լույս տեսած «Էջեր փակ գզրոցներից» հրապարակախոսական հոդվածների ժողովածուի որոշ նորահայտ փաստեր «հարստացրեցին» գրողի քննադատների զինանոցը. «Փաստորեն, որքան էլ տարօրինակ է, իր գրական ու ոչ գրական հակառակորդներին քննադատության առատ նյութ տվեց հենց ինքը՝ բանաստեղծուհին՝ «Էջեր փակ գզրոցներից» ժողովածուում զարմանալի անկեղծությամբ շարադրելով հանրությանը անհայտ դրվագներ իր անձնական կյանքից, հասարակական գործունեությունից: Փաստեր, որոնց շուրջ չեն դադարում քննարկումներն ու քննադատությունները մինչ օրս»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ