Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Կլիմայի փոփոխության եւ ադապտացման հիմնախնդիրները քննարկվեցին Գեղարքունիքի մարզպետարանում

Կլիմայի փոփոխության եւ ադապտացման հիմնախնդիրները քննարկվեցին 
Գեղարքունիքի մարզպետարանում

ԳԱՎԱՌ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզպետարանում  տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը եւ հարմարվողականության գործողությունները․ Գավառի օրինակը» աշխատանքային քննարկումը, որի նպատակն էր՝ Գեղարքունիքի համայնքային ներկայացուցիչների հետ քննարկել մարզում առկա կլիմայի փոփոխության մարտահրավերներն ու ադապտացման հնարավորությունները, ինչպես նաեւ ներկայացնել «Գավառ համայնքի կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի» օրինակը: §Արմենպրես¦-ի տեղեկացմամբ՝ միջոցառումը կազմակերպվել էր «Ազգային հարմարվողականության ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում՝ Հայաստանի համայնքների միության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի համագործակցությամբ:

Ողջույնի խոսքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը կարեւորեց մարզում առկա կլիմայի փոփոխության մարտահրավերների քննարկումն ու դրանց ադապտացման միջոցառումների հստակեցումը, ինչպես նաեւ մարզի այլ համայնքներում «Գավառ համայնքի կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի» օրինակով միջոցառումների նախագծումը:

Հանդիպման ընթացքում ՄԱԶԾ փորձագետները ներկայացրեցին աշխարհում եւ Հայաստանում կլիմայի փոփոխության հետ կապված զարգացումները, կանխատեսումներն ու հարմարվողականության միջոցառումները, ինչպես նաեւ «Ազգային հարմարվողականության ծրագիր Հայաստանում» ծրագրի հիմնական բաղադրիչներն ու նպատակները:

«Հայաստանը կլիմայի փոփոխության առումով խոցելի երկրների շարքում է: Կլիմայի փոփոխության բացասական հետեւանքներն արդեն նկատելի են երկրի ամբողջ տարածքում՝ դրանցից են հաճախակի դարձած սաստիկ շոգերը, ոռոգման եւ խմելու ջրային ռեսուրսների կրճատումը, բնակավայրերում եւ բնական միջավայրերում հրդեհների քանակի աճը եւ այլն: Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հետեւանքներին հարմարվողականությունն անհրաժեշտ նախապայման է դարձել երկրի կայուն զարգացման համար: Այս համատեքստում առավել կարեւորում ենք «Ազգային հարմարվողականության ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի իրականացումը, քանի որ այն հնարավորություն կտա հստակեցնել կլիմայի փոփոխության հարմարվողականության անհրաժեշտ միջոցառումները եւ դրանք ներառել ազգային, ոլորտային, նաեւ տեղական կառավարման պլանավորման գործընթացներում՝ նպաստելով երկրի կայուն զարգացմանը»,- ասաց «Ազգային հարմարվողականության ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը:

Միջոցառման ընթացքում համայնքային ներկայացուցիչների հետ քննարկվեցին նաեւ, Գեղարքունիքի մարզի համայնքներում առկա կլիմայական ռիսկերը, համայնքներում հարմարվողականության ծրագրերի անհրաժեշտությունը, դրանց իրագործման հիմնական խոչընդոտներն ու խնդիրները, ինչպես նաեւ կանանց ու տղամարդկանց կարիքների ու պահանջների տարանջատման հաշվառման կարեւորությունը ծրագրերի պլանավորման եւ իրագործման գործընթացներում:

«Համայնքների ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը կլիմայի փոփոխության հարմարվողականության գործընթացին հույժ կարեւոր է, քանի որ առկա խնդիրներն ու մարտահրավերները առավել տեսանելի են հենց տեղական մակարդակով: Այս պարագայում, մեզ համար առաջնահերթ է հարմարվողականությանն ուղղված միջոցառումների ներառումը համայնքների զարգացման ծրագրերում, ինչը, կարծում ենք,  էականորեն կնպաստի կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերների լուծմանը» ,- նշեց Հայաստանի համայնքների միության Նատալյա Լափաուրին:

«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման  առաջխաղացման համար» ծրագիրն  իրականացվում է ՄԱԶԾ կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Խոսրով Խլղաթյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ