Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ-ում ԱՄԷ դեսպան ընդունելություն էր կազմակերպել պետության հիմնադրման 48- ամյակի առթիվ

ՀՀ-ում ԱՄԷ դեսպան ընդունելություն էր կազմակերպել պետության հիմնադրման 48-
ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մոհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին դեկտեմբերի 2-ին կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված ԱՄԷ հիմնադրման 48-ամյակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդունելությանը ներկա էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, դիվանագիտական կորպուսի, հասարակական ու այլ կառույցների ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան հյուրեր:

Մոհամմադ ալ Զաաբին ողջունեց ներկաներին և նշեց, որ դեկտեմբերի 2-ը էմիրաթցիների համար կարևոր օր է` ԱՄԷ-ի հիմնադրման 48-ամյակը:

«1971 թվականի այս օրը միավորվեցին էմիրությունները և սկիզբ դրվեց մեր պետության վստահ և հաղթական քայլերին հանուն առաջընթացի: Սա արտացոլում է նաև էմիրությունների 2021 թվականի տեսլականը, որի նպատակն է պետության հիմնադրման 50-ամյակին ընդառաջ էմիրությունները դարձնել աշխարհի լավագույն և հարուստ պետություններից մեկը: ԱՄԷ-ն պետության նախագահ Ն. Վ. շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանի, փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Ն. Վ. շեյխ Մուհհամադ բին Ռաշիդ ալ Մաքթումի, Աբու Դաբիի թագաժառանգ, զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի, էմիրությունների կառավարիչ շեյխերի իմաստուն ղեկավարության ներքո առաջ է ընթանում անկոտրում վճռականությամբ: Այն առաջընթացը, զարգացումը և բարգավաճումը, որ մենք այսօր ապրում ենք ԱՄԷ-ում, ուղեկցվում է հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ։ Այն հիմնված է չափավորության և ճշմարտության, բարության, մարդասիրության, հանդուրժողականության վրա։ ԱՄԷ-ն դարձել է մարդասիրական խորհրդանիշ համաշխարհային մակարդակով։ Էմիրաթական դիվանագիտությունը իմաստուն ղեկավարության տեսլական շնորհիվ կառուցել է եղբայրական բարեկամական հարաբերությունների կամուրջներ աշխարհի պետությունների հետ»,- նշեց դեսպանը:

Նրա խոսքով՝ ԱՄԷ-ի ձեռքբերումներից մեկը նախագահ Ն. Վ. Շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանի կողմից 2019 թվականը Հանդուրժողականության տարի հռչակելն է:

«Էմիրություններում ավելի քան 200 ազգություն է բնակվում ազատության, փոխադարձ հարգանքի և համակեցության մթնոլորտում՝ հիմնված հանդուրժողականության վրա»,- շեշտեց Մոհամմադ ալ Զաաբին:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորեց էմիրաթցիներին ազգային տոնի առթիվ:

«48 տարվա ընթացքում ԱՄԷ-ն առաջ է քաշել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև տնտեսական մշակութային, գիտակրթական ոլորտների զարգացման տեսլականը: Այս երկիրը տարածաշրջանում դարձել է հանդուրժողականության և խաղաղության գաղափարների առաջամարտիկը:  Շեյխ Զայեդի օրոք են սկիզբ առել հայ-էմիրաթական հարաբերությունները, որոնք մշտապես աչքի են ընկել : Մենք բարձր ենք գնահատում երկու երկրի և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները: Մեր օրակարգում մշտապես կարևոր տեղ են զբաղեցրել ծոցի երկրների առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը»,- նշեց փոխվարչապետը:

Գրիգորյանը շեշտեց, որ հայ-էմիրաթական հարաբերություններում, մասնավորապես, առևտրատնտեսական ոլորտում առկա է մեծ ներուժ:

Փոխվարչապետն ընդգծեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկվում է որպես կարևորագույն կամուրջ ծոցի տարածաշրջանի երկրների և Հայաստանի միջև:  

ԱՄԷ-ի և Հայաստանի միջև կրթության և մշակույթի ոլորտում հարաբերությունների ամրապնդման նպատակով դեսպանությունը հանդես էր եկել մի շարք նախաձեռնություններով:

Համաձայն նախաձեռնություններից մեկի՝ «Լուսե» զարգացման և ուսուցման կենտրոնի 3 երեխա և «Իմ ուղին» ուսումնավերականգնողական ցերեկային կենտրոնի 3 երեխա ստացան Արաբական Միացյալ Էմիրությունների տոմսեր:

Նվերները հանձնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նույնպես շնորհավորեց էմիրաթցիներին ազգային օրվա առթիվ և նշեց, որ իրենց գերատեսչությունն ուրախ է ԱՄԷ դեսպանատան հետ համագործակցելու համար:

Միջոցառման ավարտին անցկացվեց խաղարկություն հյուրերի համար, որտեղ 4 հոգի շահեց ուղևորություններ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]