Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Հայտնի երգիչների մասնակցությամբ համերգային ծրագրով եզրափակվեց «Կողք կողքի» ներառական փառատոնը

Հայտնի երգիչների մասնակցությամբ համերգային ծրագրով եզրափակվեց «Կողք կողքի» 
ներառական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնի փակման համերգին զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և դեռահասների հետ համատեղ ելույթ ունեցան անվանի երաժիշտներ Ռուբեն Հախվերդյանը, Միքայել Ոսկանյանն ու ընկերները, Գոռ Սուջյանը, «ԳԱԹԱ» բենդը, Աննա և Անահիտ Մխիթարյանները, «Լավ Էլի» ռոք խումբը, «Hope For Coffee» երաժշտական խումբը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ՝ դեկտեմբերի 2-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ասաց` անչափ ուրախ է, որ նախարարությունն աջակցում է փառատոնին, որովհետև իրենց մշակութային քաղաքականության առաջնահերթ նպատակներից մեկը ներառականությունն է` տարբեր մտածողությունների, տարբեր ունակությունների, տարբեր  կերպերի դրսևորման համադրումը: «Ես հավատում եմ նման նախաձեռնությունների նպատակին և համարում եմ, որ քաղաքակիրթ հասարակությունը քաղաքակիրթ է այնքանով, որքանով, որ ընդհանուրից տարբերվող մարդիկ իրենց  անհարմար չեն զգում, զգում են պաշտպանված, ընդհանուրի մի մաս այդ հասարակությունում: Երբեմն մտածում եմ նրա՞նք են ներառական սկզբունքին ենթարկվում, թե՞ մենք: Ներառականությունը երկու ծայր ունի. ոչ միայն մենք ենք ընդառաջ գնում մեզանից տարբեր ընդունակություններ, առանձնահատկություններ ունեցող հասարակությանը, այլև նրանք, քանի որ լիիրավ անդամներն են հասարակության, և նման միջոցառումները հարկավոր են ոչ միայն առանձնահատուկ կարողություններով երեխաներին, այլև մեզ»,-շեշտեց նա:

«Իմ ուղին» ուսումնավերականգնողական ցերեկային կենտրոնի ներկայացուցիչ, «ՍՈՐՍ» հիմնադրամի երաժշտաթերապևտ Նաիրա Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերին: «Փառատոնի շրջանակում բարեգործական սկզբունքով համագործակցել ենք տարբեր երաժշտական խմբերի, երգիչների հետ: Մեր երեխաները նրանց հետ փորձերի են մասնակցել, որպեսզի այսօր ելույթ ունենան սիրելի երաժիշտների հետ: Երեխաները շատ են ոգևորվել, մոտիվացվել, պարզապես ապրում էին այս համերգով»,-պատմեց Սարգսյանը:

Համերգին մասնակցեցին երեխաներ «Իմ ուղին» վերականգնողական կենտրոնից, «ՍՈՐՍ» հիմնադրամից, «Հույսի կամուրջ», «Մայրիկ», Խարբերդի մասնագիտացված մանկատնից և այլ հաստատություններից:

«Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնն ուղղված է բացել հասարակության դռները զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և դեռահասների առջև՝ ձևավորելով հավասար պայմաններ բոլորի համար: Փառատոնի կարևորագույն ուղերձն է երաժշտության, արվեստի միջոցով ամրացնել կապը, ձևավորել հանդուրժողականություն, ապահովել մտքի, երևակայության փոխանակում երկու կողմերի համար, բացահայտել շնորհաշատ երեխաների և դեռահասների՝ նրանց տալով մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, հասարակության ճանաչված մարդկանց ներգրավվածության միջոցով հնարավորինս հանրայնացնել ներառական մտածողությունը: 

Փառատոնին, որն անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Աուտիզմ ազգային հիմնադրամի» նախաձեռնությամբմասնակցեցին Երևանում, Շիրակի և Տավուշի մարզերում գործող հասարակական կազմակերպությունները:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ