Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Հայաստանը մինչև 2025 թ. իր էլեկտրաէներգիայի 30 տոկոսը կստանա վերականգնվող աղբյուրներից. Gulf News

Հայաստանը մինչև 2025 թ. իր էլեկտրաէներգիայի 30 տոկոսը կստանա վերականգնվող 
աղբյուրներից. Gulf News

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների համագործակցությունն անցնում է գործնական փուլի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս ոլորտում էմիրաթական «Մասդար» ընկերության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» միջև համաձայնագրի ստորագրումը հայտնվել է արաբական մամուլի ուշադրության կենտրոնում:

Մասնավորապես, Gulf News-ը գրում է, որ աշխարհում վերականգնվող էներգետիկայի առաջատար «Մասդար» ընկերությունը պաշտոնական համաձայնագիր է ստորագրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հետ, համաձայն որի Հայաստանում կմշակվեն 400 մեգավատ հզորությամբ արևային էներգիայի նախագծեր: Սա ենթադրում է 300-320 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ հայկական տնտեսության մեջ:

Պարբերականը նշում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուհաիլ Ալ Մազրուեի և «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբարաքի ներկայությամբ նոյեմբերի 30-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը և Մասդարի գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին համատեղ զարգացման համաձայնագիր են ստորագրել: Gulf News-ը մեջբերել է Մասդարի գործադիր տնօրեն Մուհամեդ Ալ Ռամահիի խոսքերն այն մասին, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Մուբադալայում իրենց ղեկավարության ներկայությամբ ստորագրել պայմանագիր՝ վերահաստատելու իրենց նվիրվածությունը Հայաստանին և վերականգնվող էներգետիկ նպատակների իրագործմանը: «Հայաստանը հանձնառություն է ստանձնել մինչև 2025 թվականն իր էլեկտրաէներգիայի 30 տոկոսը ստանալ վերականգնվող աղբյուրներից, այն ներուժ ունի ինտեգրելու մինչև 1000 ՄՎտ արևային էներգիա»,- գրում է Gulf News-ը

Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտոնական լրատվական գործակալությունը՝ Emirates News Agency-ն, անդրադառնալով համաձայնագրի ստորագրմանը,  նշել է, որ համատեղ նախագծով նախատեսվում է 200 ՄՎտ հզորությամբ մասշտաբային արևային ֆոտովոլտային կայաններ կառուցել Հայաստանի արևմուտքում:

Գործակալությունը հիշեցրել է, որ դեռևս 2019 թվականի հունվարին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այց էր կատարել ԱՄԷ, որտեղ «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովի շրջանակում հանդես էր եկել իբրև գլխավոր բանախոս: «Նախագահ Սարգսյանը կվերադառնա Աբու Դաբի՝ հունվարի 11-18-ը կայանալիք «Աբու Դաբի կայունության շաբաթ-2020» համաժողովի շրջանակում խոսելու «Երիտասարդությունը հանուն կայունության» ֆորումին»,- գրում է Emirates News Agency-ն:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ