Մշակութային դաշտի կարգավորման գործում կարևոր է օրենքի նախագծերի մշակումը
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փորձելու է ոլորտ առ ոլորտ լուծել մշակութային դաշտի խնդիրները` դրանց խորքային ծանոթանալով, միջգերատեսչական քննարկումներ կազմակերպելով, Ազգային ժողովի գործընկերներին այդ գործընթացներում ընդգրկելով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 29-ին ասուլիսում ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:
«Այժմ շրջանառվում է կինոյի մասին օրենքի նախագիծը, որը միջգերատեսչական լուրջ քննարկումների կարիք ունի: Մասնագիտական հանրության շրջանակում մենք արդեն ճշտել ենք, թե ոլորտում ինչ հարցեր կան: Օրենքը նախատեսում է որոշակի հարկային արտոնություններ, հետևաբար, էական է նաև հարկային մարմինների, ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումը: Հաջորդ փուլում մենք պետք է սերտ համագործակցենք գերատեսչությունների հետ, որպեսզի հստակ հաշվարկներ ունենանք»,-նշեց Խզմալյանը:
Նրա խոսքով` հավանաբար հաջորդ տարվանից կսկսեն աշխատել կատարողական արվեստի մասին օրենքի նախագծի վրա:
«Պարզվում է` ամենաբարդ խնդիրներն իրականում շատ պարզ են. կան բազմաթիվ մանր հարցեր, որոնք ենթակա են կարգավորման, բայց դանդաղեցնում են ոլորտի զարգացումը և առաջընթացը: Հիմա մենք բոլոր հարցերը դուրս ենք բերել, դասակարգել և հաջորդ տարվանից գնալու ենք հարցերի կարգավորման ճանապարհով»,-ընդգծեց փոխնախարարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում