Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մշակույթը պետք է բեռնաթափել սիրողական սոցիալական աջակցությունից. Արա Խզմալյան

Մշակույթը պետք է բեռնաթափել սիրողական սոցիալական աջակցությունից. Արա 
Խզմալյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն ավարտել է մշակութային միջոցառումների, ծրագրերի համար դրամաշնորհային մրցույթների նոր պայմանների չափանիշների ձևակերպումները: Այսուհետև մրցույթները կկայանան բոլորովին այլ չափանիշներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում ասաց փոխնախարար Արա Խզմալյանը:

«Ես կարծում եմ, որ մեր հիմնական բացթողումը եղել է այն, որ մենք տարիներ շարունակ այս նախարարության վրա դրել ենք իր ուժերից վեր սոցիալական գործառույթներ։ Հիմա մենք հայտարարել ենք, որ աստիճանաբար գնալու ենք ամբողջական մասնագիտացման ճանապարհով: Այսինքն՝ մշակութային գործունեության և պետական միջոցներով միջոցառումներ և ծրագրեր կարող են անել պրոֆեսիոնալ կազմակերպությունները, հաստատությունները, անձինք: Մենք պետք է կարողանանք  բեռնաթափել մշակույթը հենց սիրողական սոցիալական աջակցությունից»,-ասաց Խզմալյանը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք նախարարության՝ իբրև միջոցառումների կազմակերպման օղակ լինելն արդեն հնացած մոտեցում չէ՞, փոխնախարարը միանշանակորեն համաձայնեց: Նա նշեց՝ այդ ուղղությամբ քայլեր անում են: Խզմալյանը կարծում է, որ մշակութային քաղաքականությունը գրեթե նույնական է տեղեկատվական քաղաքականությանը:

«Եթե մենք չենք մշակելու տեղեկատվական քաղաքականություն, և մեկանգամյա միջոցառումների կյանքը չի շարունակվելու տեղեկատվական դաշտում, խնդիրներ ենք ունենալու: Իսկ տեղեկատվություն նշանակում է մշակույթի նկատմամբ հետաքրքրության բարձրացում: Այսինքն՝ մենք նաև պետք է տեղեկատվական ռազմավարությունների նախարարություն լինենք, նվազագույնս ուղղակիորեն միջամտենք ստեղծագործական գործընթացներին, բայց հստակ ունենանք մեր չափանիշները, թե պետական միջոցներն ինչ միջոցառումների, ինչ նախագծերի պետք է ուղղվեն: Մենք արդեն ավարտել ենք դրամաշնորհային նոր պայմանների չափանիշների ձևակերպումները: Եվ արդեն այս տարվանից մրցույթը կլինի բոլորովին այլ չափանիշներով»,-ասաց Խզմալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]