Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». Ռոբին Շարմայի գիրքն առաջին տեղում է. փաստավավերագրական. հոկտեմբեր, 19

«Երևանյան բեսթսելեր». Ռոբին Շարմայի գիրքն առաջին տեղում է. 
փաստավավերագրական. հոկտեմբեր, 19

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալները՝ ըստ հոկտեմբերի վաճառքների:

Առաջին հորիզոնականում է Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Թարգմանվել է 40-ից ավելի լեզուներով, վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Այն Ազնավուրի գրած վերջին՝ իններորդ գիրքն է։ Սա թեթեւ կյանքի մասին չէ, թեեւ Ազնավուրն ասում է՝ թո՛ղ որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթեւություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջեւ շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր եւ ընթերցողի միջեւ: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:

Երրորդ տեղում է Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի եւ այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ եւ լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել: Ռեյչլը դառը ճշմարտությամբ եւ խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:

Չորրորդ տեղում է գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գիրքը: Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումը և դրան հաջորդող իրադարձությունները, ընթերցողին սովորեցնում է չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

Հինգերորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ միլիոնավոր ընթերցողների ցույց է տալիս, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:

Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» վեցերորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը, կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփ,ոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:

Ջոնաթան Քոնլինի «Պարոն 5 տոկոս» գիրքը, որը պատմում է՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին, յոթերորդ հորիզոնականում է: Երբ Գյուլբենկյանը 1955թ. 86 տարեկանում մահացավ, աշխարհի ամենահարուստ մարդն էր: Հանդիսանալով Iraq Petroleum-ի բաժնեթղթերի 5 տոկոսի սեփականատեր՝ նա մեծ ճանաչում էր ձեռք բերել նավթային աշխարհում և ստացել «Պարոն 5 տոկոս» մականունը։ Ստամբուլի հայ մեծահարուստ վաճառականի որդին շուրջ կես դար նավթային գործարքներ էր կնքում ամենաբարձր մակարդակով՝ թաքցնելով իր բիզնես հետաքրքրությունների խորհրդավոր շրջանակն ու կապերը ասիական ու եվրոպական մարտահրավերների լաբիրինթոսում: Այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի բարդ ու բազմակի կյանքը: Սա հրաշալի պատմություն է մի մարդու մասին, ով ավելի, քան որևէ մեկը, օգնել է ձևավորել ժամանակակից նավթային արդյունաբերությունը:

Ութերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Այստեղ ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի վերջինիս ներկայացուցիչներն ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կսովորի 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Իտալացի հեղինակ Լուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» մարզական բեսթսելերը իններորդ հորիզոնականում է: Կայոլին իր գրքում բացում է ֆուտբոլիստի մանկության մութ ու ծանր էջերը, նրա առողջական խնդիրների ծագումը: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել ժամանակակից ֆուտբոլի լեգենդը: Գրքում տեղ են գտել բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների եւ հենց իր՝ Մեսսիի հետ:

Տասներորդ հորիզոնականում Ջոն Ռոքֆելլերի «Ինչպես դարձա միլիարդատեր» գիրքն է: Այս գիրքը Ռոքֆելլերի ինքնակենսագրությունն է: Այստեղ նա առաջին անգամ հանդես է գալիս որպես վերհուշ-հոդվածաշարի հեղինակ: Պատմությունները գրված են Ռոքֆելլերի կոշտ, բայց զգուշավոր ոճով և լույս են սփռում նրա կենսագրության գործնական, ինչպես նաև ազատ ժամանակի փոքրիկ դրվագների վրա:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոյյան տապան» (012- 505-505) գրախանութների և գրատների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Ռոբին Շարմա

«Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»

Բուկինիստ 387
2 *

Շառլ Ազնավուր

«Կյանքից կառչած»

Newmag 172
3 0

Ռեյչլ Հոլիս

«Աղջիկ ջան ուշքի արի»

Newmag 114
4 նոր

Ալեքսիս Օհանյան

«Առանց թույլտվության»

Կարապ 84
5 0

Էրիխ Ֆրոմ

«Սիրելու արվեստը»

Էդիթ Պրինտ 78
6 -2

Գերի Չեփմեն

«Սիրո 5 լեզուները»

Newmag 75
7 նոր

Ջոնաթան Քոնլին

«Պարոն 5 տոկոս»

Էդիթ Պրինտ 73
8 -1

Վահագն Դիլբարյան

«100 բիզնես գաղտնիքներ»

Էդիթ Պրինտ 61
9 -3

Լուկա Կայոլի

«Մեսսի. լեգենդ դարձած

տղայի պատմությունը»

Newmag 61
10 նոր

Ջոն Ռոքֆելլեր

«Ինչպես դարձա միլիարդատեր»

Վերնատուն 42

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]