Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մամուլը գաղափարախոսություն ձևավորող է. գիտաժողով

Մամուլը գաղափարախոսություն ձևավորող է. գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում» թեմայով երկօրյա գիտաժողովում, որը մեկնարկեց նոյեմբերի 28-ին Հայաստանի ազգային գրադարանում, զեկուցումներով հանդես կգա քառասուներկու մասնակից Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիտաժողովն իրականացվում է հայ պարբերական մամուլի առաջնեկ «Ազդարար»-ի 225-ամյակի, ինչպես նաև 2019 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից «Ընտանիքի տարի» և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի կողմից «Հայ մամուլի տարի» հռչակելու առթիվ:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մամուլ ավելի են ընթերցում, քան գրական ստեղծագործություններ, և հենց մամուլի միջոցով են տարածվում հիմնական գաղափարները: «Այն ոչ միայն տարբեր իրադարձություններին ծանոթացնելու,  այլև որոշակի գաղափարախոսություն տարածելու գործառույթ է իրականացնում: Ժամանակին պատմիչները պատմություններ են գրել, բայց պատմության ամենակարևոր վկայությունն է, ժամանակի փաստաթուղթն է մամուլը»,-շեշտեց նա:

Անդրադառնալով տպագիր մամուլի ապագային՝ գրադարանի տնօրենն ասաց, որ ժամանակի ընթացքում այն դուրս է մղվելու էլեկտրոնային պարբերականների զարգացման հետևանքով: «Ցավալի է, բայց աշխարհն այնպես է առաջ ընթանում, որ թուղթն աստիճանաբար դուրս է գալիս գործածությունից: Հեռավոր կամ մոտ ապագայում չեն լինելու նաև թղթե դրամներ, չեն լինելու տպագիր գրքեր: Մեզ համար դա անընկալելի է, բայց այդպիսին են ապագայի կանխատեսումները»,-եզրափակեց Սարիբեկյանը:

Գիտաժողովի հյուրերից էին մատենագետ, պատմաբան, բանասեր  Արտաշես Տեր Խաչատուրեանի որդիներ Տարօն և Զարեհ Տեր Խաչատուրեանները, որոնք իրենց հոր թողած հարուստ ժառանգության ավելի քան քառասուն նմուշ նվիրեցին Ազգային գրադարանին:

«Բերել ենք հնատիպ գրքեր, որոնք հայրս ձեռք է բերել Պոլսում, Եգիպտոսում, Լիբանանում, Հալեպում: Այստեղ է նաև Անդրանիկ Ծառուկեանի «Ուխտ Արարատին» բանաստեղծության բնագիր տարբերակը: Արտաշես Տեր Խաչատուրեանը հավաքել է մամուլի հազարավոր օրինակներ, նա իր գրքերի հավաքածուներում պեղումներ է արել ու հավաքածուն անվանել է հանք: Այդ պեղումների շնորհիվ հրատարակել է բազմաթիվ գրքեր, ուսումնասիրություններ»,-պատմեց Տարօն Տեր Խաչատուրեանը:

Զարեհ Տեր Խաչատուրեանն էլ հավելեց, որ հայրը մի քանի անգամ եկել է Հայաստան, եղել Մատենադարանում, տարբեր թանգարաններում ու արխիվային գործերով է զբաղվել: «Նա աշխարհի տարբեր երկրներից հավաքել է հայ մամուլի, գրականության բեկորներ` փորձելով փրկել դրանք ու փոխանցել հայրենիքին»,-ընդգծեց Զարեհ Տեր Խաչատուրեանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]