Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայկական ջազի վարպետներն “ArmJazzProject-part 2’’ համերգին կատարեցին իրենց հայտնի գործերը

Հայկական ջազի վարպետներն “ArmJazzProject-part 2’’ համերգին կատարեցին իրենց 
հայտնի գործերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ջազի երևելիներ՝ կոմպոզիտոր, դաշնակահար Մարտին Վարդազարյանը, ջազմեն, դաշնակահար, Լևոն Մալխասյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը և այլք Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ “ArmJazzProject-part 2’’ համերգին հնչեցրին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և մշակումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոն տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ինքնատիպ համարով նվագախմբի հետ ելույթ ունեցավ նաև երջանկահիշատակ կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանի որդին՝ դաշնակահար Հայկ Շաքարյանը, որը կատարեց հոր ստեղծագործությունը:

Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցն առանձնահատուկ շեշտեց, որ երաժշտական կոլեկտիվն իր բոլոր համերգային ծրագրերում աշխատում է ընդգրկել հայ կոմպոզիտորների գործեր:

«Սա երկրորդ համերգն է մի նախագծի, որը փորձում է ներկայացնել հայկական ջազային ժառանգությունը, որը սկիզբ է առնում հեռավոր 20-րդ դարի 30-ականներից: Պետական ջազ նվագախումբը ներկայացրեց ավագ, միջին և երիտասարդ կոմպոզիտորների գործեր՝ գրված կամ գործիքավորված ջազ նվագախմբի համար»,-նշեց Հյուսնունցը:

Նա հույս հայտնեց, որ նմանատիպ երեկոները, որոնք նվիրված են հենց հայկական ջազային ժառանգությանը, շարունակական բնույթ կկրեն:

Համերգը, որի ընթացքում հնչած յուրաքանչյուր ստեղծագործություն ընդունվեց բուռն ծափողջյուններով, նախաձեռնել էր TM Production-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]